Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Եվրո 2016» Լեհաստանը հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

«Եվրո 2016» Լեհաստանը հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրո 2016»-ի 1/8 եզրափակիչների առաջին Շվեյցարիա-Լեհաստան հանդիպումն ավարտվել է: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հանդիպման հիմնական ժամանակն  ավարտվել է`1-1 հաշվով: Հանդիպման ելքը որոշվել է 11 մետրանոց հարվածներով, որտեղ հաղթել է Լեհաստանը՝ 5-4 հաշվով:

1-ին խաղակեսի մեկնարկը ցույց տվեց, որ թիմերը առաջին րոպեներից չեն պատրաստվում գրոհի նետվել և լուծել դիմակայության ելքը: Խաղադաշտում  պաշտպանողական, «հետազոտական» ֆուտբոլ էր։ Տարածքային առավելությանը տիրում էին Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստները: Խաղակեսի ավատին այդ ցուցանիշը հավասար էր 55 տոկոսի, սակայն Շվեյցարիայի գրոհները մեծամասամբ անատամ էին և չունեին վտանգավոր շարունակություն: Խաղի առաջին սպառնալիքը ստեղծեց Լեհաստանի ընտրանին` հանդիպման 1-ին րոպեի ընթացքում: Դարպասապահ Յան  Զոմերը և կենտրոնական պաշտպան Յոհան Ջուրուն սխալվեցին տուգանային հրապարակի մատույցներում, սակայն լեհերը ներեցին նրանց: Առաջին խաղակեսում շուրջ կես ժամ վտանգավոր գրոհներ չեղան թիմերի կատարմամբ: 2-րդ վտանգավոր գրոհը կրկին Լեհաստանի հավաքականինն էր: Նպաստավոր դիրքում հայտնված Գժեգոշ Կրիխովյակի գլխի հարվածը շեղ ընթացավ: Անցավ ևս 2 րոպե, ու կրկին Լեհաստանը դարապասը գրավելու հիանալի շանս ուներ:  Այս անգամ էլ վրիպեց Արկադիուշ Միլիկը: Շվեյցարիան առաջին քիչ թե շատ վտանգավոր գրոհը կազմակերպեց 35-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո Ֆաբիան Շարը մեն-մենակ էր մնացել  տուգանային հրապարակում, սակայն  վտանգավոր դիրքից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա: Խաղի 39-րդ րոպեն ամենափոփոխականն էր: Շվեյցարիան Լեհաստանին սեղմել էր տուգանային հրապարակին և 2 գրոհ փորձեց անցկացնել: 2 դեպքում էլ ամեն ինչ ապարդյուն անցավ: Գնդակն անցավ Լեհաստանի հավաքականի մոտ: Լեհերը արագ հակագրոհի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը: Կամիլ Գրոսիցկին մի քանի շվեյցարացի պաշտպաների արանքից գնդակն ուղարկեց Յակուբ Բլաշիկովսկուն,  վերջինս գրավեց դարպասը: Գրոհին նպաստեց նաև Արկադիուշ Միլիկը: Առաջին խաղակեսը այդպես էլ ավարտվեց` 1-0 հօգուտ Լեհաստանի:

2-րդ խաղակեսը Շվեյցարիան սկսեց ակտիվ հարձակողական խաղով: Ջերդան Շաքիրին իր վրա վերցրեց թիմի առաջատարի դերը: 46-րդ րոպեին նրա առաջխաղացումը Լեհաստանի հավաքականը փակեց մեծ դժվարությամբ և գնդակը դուրս հանեց անկյունային: Շաքիրիի 51-րդ րոպեին կատարած հեռահար շեշտակի հարվածից հետո Լուկաշ Ֆաբիանսկին մեծ դժվարությամբ կարողացավ հեռացնել գնդակը: Լեհաստանի հավաքականի առաջին վտանգավոր գրոհը 2-րդ կեսում կազմակերպեց Բլաշիկովսկին: Նրա հեռահար հարվածի ճանապարհին կանգնեց Զոմերը: Շվեյցարիայի հավաքականը ամենաիրական պահը ունեցավ 73-րդ րոպեին: Ռիկարդո Ռոդրիգեսը ստանդարտից  ձախ ոտքի պտտեցված հարվածով գնդակն ուղղարկեց Լեհաստանի հավաքականի դարպասը, սակայն Լուկաշ Ֆաբիանսկին ֆանտաստիկ ցատկով հանեց գնդակը անկյունային: Շվեյցարիան շարունկեց գրոհել և 78-րդ րոպեին 2 վտանգավոր գրոհ ունեցավ: Դրվագներից մեկում Լեհաստանին փրկեց հորիզոնական դարպասաձողը: Շաքիրին իր գործը ավարտին հասցրեց 82-րդ րոպեին: Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստը շրջադարձ հրաշալի հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը: Դա «Եվրո 2016»-ի առայժմ ամենագեղեցիկ գոլն էր: Հանդիպման հիմնական ժամանակը այդպես էլ ավարտվեց և թիմերը պայքարը շարունակեցին լրացուցիչ ժամանակում:

Լրացուցիչ ժամանակի 1-ին կեսում թիմերի գործողություններում զգացվեց հոգնածությունը: 15 րոպե տևած պայքարում թիմերը լիարժեք վտանգավոր գրոհ չկարողացան կազմակերպել: 2-րդ կեսում առավոլությունը Շվեյցարիայի հավաքականի կողմն էր: Հանդիպման 112-րդ րոպեին, Էրին Դերդիոկի հարվածից հետո Լուկաշ Ֆաբիանսկին հրաշքով փրկեց իր թիմին: Դերդիոկը 118-րդ րոպեին կրկին ստացավ դարպասը գրավելու հնարավորություն, ու կրկին չօգտագործեց այն: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին Լեհաստանը ստացավ իր շանսը: Լուկաշ Պիշչեկը ներեց Շվեյցարիային: Ավելացրած ժամանակն էլ ավարտվեց հաշտությամբ, և նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար:

11 մետրոնոցներն իրացնելիս ավելի վստահ իրենց զգացին լեհերը: Շվեյցարացի Գրանիտ Ջակայի հարվածը շեղ ընթացավ, իսկ վճռական հարվածը հիանալի կատարեց Գժեգոշ Կրիխովյակը:  Լեհաստանի հավաքականը դարձավ 1-ին հավաքականը, որը դուրս եկավ քառորդ եզրափակիչ և կսպասի Խորվաթիա-Պորտուգալիա զույգի հաղթողին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am