Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պապի այցով Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերություններում արմատական բեկում եղավ

Պապի այցով Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերություններում արմատական 
բեկում եղավ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապի այցելությամբ և նրա ելույթներով Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերություններ մեջ արմատական բեկում տեղի ունեցավ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«1700 տարվա պատմության մեջ երկու եկեղեցիների, Հռոմի ու այլ դավանանքների միջև լրջագույն հակասություններ են եղել, որոնք ունեցել են քաղաքական ենթատեքստ: Միջնադարի ժամանակաշրջանը լցված է սուր պայքարով, հիմա արմատապես Վատիկանի վերաբերմունքը փոխվել է: Բարեբախտաբար, Հովհաննես Պողոս 2-րդ Պապի` 2001 թվականին Հայաստան այցելությամբ, 2015 թվականին Ֆրանցիսկոս Պապի  Վատիկանում մատուցած պատարագով, ինչպես նաև նրա` Հայաստան կատարած այցով, այդ հարաբերությունները միանգամայն այլ հարթության վրա հայտնվեցին»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Նա նշեց, որ Հայաստան այցելությամբ Հռոմի Պապը պաշտոնապես ընդունեց այն իրողությունը, որը հարյուրամյակներ շարունակ չէր ընդունվել: Այն է, հայերն են, որպես ազգություն, պետական մակարդակով առաջինն ընդունել քրիստոնեությունը: Երկրորդ կարևոր հանգամանքն, ըստ Աշոտ Մելքոնյանի, վերաբերում էր Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների` Հայաստան այցելելու և այստեղ քարոզչություն անելու թեզին: Պաշտոնական Վատիկանը դա վիճարկում էր` նախապատվությունը տալով Պողոսին և Պետրոսին: Պապը հստակ նշեց, որ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործունեությամբ Հայաստանում սկսվում է քրիստոնեության շրջանը:

«Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ  պաշտոնական Վատիկանը հստակ նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին էկումենիկ շարժման մեջ դիտարկում է որպես հավասարը հավասարի առանձին քրիստոնեական եկեղեցի և բնավ մտադրություն չունի գերակա կարգավիճակ ունենալու Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Սա արմատական փոփոխություն է, և ես դա կապում եմ Հռոմի Պապի անձնական որակների հետ: Մարդ, ում համար կարևորը ոչ այնքան քաղաքական խնդիրներն են, որքան` բարոյական արժեքները: Այդ տեսանկյունից մենք գործ ունենք բացառիկ անձնավորության հետ, ով առաջնորդվում է բարոյական չափանիշներով»,-ասաց Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքով`  դրա վառ արտահայտությունն է Թուրքիայի կոշտ դիրքորոշման պայմաններում Հայոց ցեղասպանության հարցում դարձյալ սկզբունքային գտնվելու հանգամանքը: Լավ իմանալով Թուրքիայի հակազդեցության հանգամանքը` Հռոմի Պապը բազմիցս կրկնեց ցեղասպանության խնդրում իր ունեցած նույն մոտեցումները:  Աշոտ Մելքոնյանը նկատեց, որ թուրքական արձագանքը բացարձակ չի հուզում Հռոմի Պապին:

«Ցեղասպանության հարցում Պապի մոտեցումներն ու քայլերն իր ազդեցությունը կթողնեն ճանաչման գործընթացի վրա, ինչպես դա տեղի ունեցավ Վատիկանում մատուցած  պատարագից հետո: Արձագանքեցին լատինամերիկյան կաթոլիկ երկրները, բանաձևեր ընդունեցին: Արձագանքեց Չեխիան` Արտաքին հարաբերութունների մակարդակով: Այս տարի էլ Չեխիայի նախագահը խոսեց այդ մասին` նշելով, որ կդիմի խորհրդարանին պաշտոնապես 1915 թվականի ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար: Այնպես, որ սպասենք նոր զարգացումների, չմոռանանք, որ Հռոմի Պապի թիկունքում 1.5 մլրդ քրիստոնյաներ կան»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նույն օրը Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով`համեմված հայկական շարականներով: Երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք և էկումենիկ արարողություն: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Սրբազան քահանայապետը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Այնտեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ: Նույն օրը Պապը մեկնել է Վատիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am