Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Չինաստանի շուկա մուտք գործելու համար հայաստանյան բիզնեսը նոր հնարավորություններ է ստանում

Չինաստանի շուկա մուտք գործելու համար հայաստանյան բիզնեսը նոր հնարավորություններ է 
ստանում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի շուկա մուտք գործելու համար հայաստանյան բիզնեսը նոր հնարավորություններ է ստանում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի արյդունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Հայաստանի տնտեսության զարգացման համար պետք է արտահանման աճ և դա դեպի այն շուկաներ, որտեղ կա խոշոր սպառում, որտեղ հեռանկար ենք տեսնում: Այդպիսին է Չինաստանը: Արդեն տարիներ շարունակ թե Չինաստանից Հայաստան, թե հակառակ ուղղությամբ ներկրումներն ու արտահանումներն իրողություն են: Ամեն տարի նկատվում է ապրանքաշրջանառության ծավալների մեծացում: Մի քանի անգամ փորձել ենք արտահանել հայկական պտուղ-բանջարեղեն, հյութ, խմիչք: Կես կատակ ասում ենք, որ եթե ամեն չինացի տարվա ընթացքում մեկ բաժակ հայկական արտադրության ծիրանի հյութ խմի, ապա մենք պետք է տասնապատկենք մեր տնկիների քանակը»,-ասաց Արսեն Ղազարյանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ ատևտրաարդյունաբերական պալատի համատեղ ջանքերով մի քանի ուղղություններով քայլեր են իրականացվում, որպեսզի հայկական ապրանքներն իրենց տեղը գտնեն Չինաստանի շուկայում: Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի բեռնարկղ հայկական ապրանք է արտահանվել Չինաստանի Նինգբո քաղաք:

«Առևտրաարդյունաբերական պալատի հետ պետք է հորդորենք մեր կազմակերպությունների անդամներին, որպեսզի դիվերսիֆիկացնեն իրենց արտահանման գործունեությունը, հույս չկապեն միայն Ռուսաստանի շուկայի հետ, որտեղ մեկ ֆորս մաժորի պատճառով երբեմն կարող է ամիսներով ճանապարհը փակվել, գնողունակության նվազման պատճառով կարող է մեզ մոտ ծավալների անկում լինել»,-ավելացրեց Արսեն Ղազարյանը:

Չինաստանում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Արթուր Եգորյանը նշեց, որ 2016 թ. հունիսի 11–ին Չինաստանի Ճըձյանգ նահանգի Նինգբո քաղաքի ազատ առևտրի գոտու տարածքում կայացել է Հայկական ազգային ցուցասրահի հանդիսավոր բացման արարողությունը, ինչին մասնակցել են չին բարձրաստիճան այրեր, ՉԺՀ–ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։   

«Ինչո՞ւ ընտրվեց Նինգբո քաղաքը: Այն ամենամեծ նավահանգիստն ունի, որի բեռների տարեկան տարողունակությունը 860 միլիոն տոննա է: Սննդամթերքի ներմուծումների տարեկան ծավալի 60 տոկոսից ավելին երկիր են ներմուծվում Նինգբո քաղաքից: Ինչ վերաբերում է հայկական տաղավարին, ապա այն գործում է արդեն 6 ամիս: Այն գործելու է ամբողջ տարվա ընթացքում, շաբաթը 6 օր, այդտեղ ներկայացված են հայկական ապրանքատեսակները: Տաղավարի աշխատակիցներն էլ աշխատում են մի քանի ուղղություններով` վաճառք, մարկետինգ և այլն»,-ասաց Արթուր Եգորյանը:

Հունիսի 9–ին Նինգբոյում տեղի է ունեցել Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների սննդի փառատոնը և ցուցահանդեսը։ Մեկ օր անց կայացել է նույն երկրների կառավարիչների և քաղաքապետների երրորդ համաժողովը, որին, ի թիվս աշխարհի 10–ից ավելի քույր–քաղաքների ղեկավարների, մասնակցել է նաև Հայաստանից Կապանի քաղաքապետը և ստորագրել բարեկամության և փոխգործակցության փոխըմբռնման հուշագիր։ Կապանի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Մետաքսի ճանապարհն անցել է Կապանով:

Դրանից բացի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ վավերացրել են Չինաստանի միջազգային առևտրային պալատի հետ կնքված Առևտրային և տնտեսական համագործակցության ռազմավարական համաձայնագիրը։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ այն ինչ սպասվում էր Հայաստանի գործարարների միությունից ու ՀՀ առևտրաարդյունաբերական պալատից, արվել է: Հիմա գնդակը բիզնեսի դաշտում է:

«Մենք պետք է փորձենք հասկանալ՝ իսկ մենք ինչ ունենք, որ հասնենք Չինաստան, որովհետև ծավալների և քանակի առումով կարող է խնդիրներ ունենանք: Առաջին քայլը առավելագույնս ճիշտ է արված, մնում է բիզնեսը որակյալ ու շատ քանակով ապրանք ունենա»,-ասաց Անդրանիկ Ալեքսանյանը:

Բանախոսները տեղեկացրեցին, որ Չինաստանի հետ ունեցած նոր հնարավորություններն արդեն ներկայացվել են բիզնեսին, մի քանի ընկերությունների հետ ակտիվ աշխատանք է տարվում, բիզնեսից ստացված արձագանքը դրական է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am