Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Սեփական բնակարան ունենալու մոտ 500 երիտասարդ մասնագետների երազանքն իրագործված է

 Սեփական բնակարան ունենալու մոտ 500 երիտասարդ մասնագետների երազանքն իրագործված 
է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ավան վարչական համալիրում մի շարք մասնագիտությունների տեր անձինք բնակարանամուտ տոնեցին: Այն հնարավոր է դարձել «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել 490 շահառու: ՀՀ Նախագահը հունիսի 28-ին ներկա գտնվեց բազմաբնակարան շենքային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 10.8 միլիարդ դրամ է: Ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավվել է 700 աշխատող:

Բնակարանները շուկայականից ցածր գներով են տրվել թիրախային խմբերին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը 7-ն են, դրանք մոնոպոլիտ երկաթբետոնյա են՝ տուֆի և բազալտի արտաքին երեսպատմամբ, ունեն 14 բնակելի հարկեր, 112 ավոմեքենայի կայանման համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղեր, ժամանակակից արտաքին լուսավորություն: Բնակիչների համար շեքների բակում կառուցվել է առևտրի և սպասարկման կենտրոն: Բնակարանների 85 տոկոսը շահառուներին հանձնվել է ամբողջությամբ վերանորոգված վիճակում:

Ծրագրի թիրախային խմբում ընդգրկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների երիտասարդ մասնագետներ, երիտասարդ մանկավարժներ, լրագրողներ, բժիշկներ, դասախոսներ, գիտնականներ ու ստեղծագործողներ, պետական և համայնքային ծառայողներ: 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ ոչ միայն մատչելի պայմաններով բնակարաններ են ձեռք բերել երիտասարդ մասնագետները, այլև կառուցման 3 տարիներին աշխատանքով է ապահովվել 700 մարդ: Փոխնախարարը հիշեցրեց, որ ծրագիրը կդադարի գործել 2018-ին՝ ամփոփելով շուրջ 10 տարվա արդյունքները: «2018-ի մարտ-ապրիլ-մայիս ամիսներին ավարտելու ենք այս ծրագիրը: Ամփոփելու ենք վերջին տասը տարիներին կատարած աշխատանքը, որը ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո էր իրականացվում»,-նշեց պաշտոնյան:

Շահագործման հանձնված շենքերից մի քանիսում ներդրվել են էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգեր, որոնք բաժանորդներին թույլ կտան առցանց տարբերակով տեղեկանալ իրենց հաշվիչների ցուցմունքներին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգերի վարչության պետ Միքայել Կուդոյանը լրագրողներին ներկայացրեց այս համակարգի առավելությունն ու կիրառման ընթացակարգը: «Բաժանորդը ստանում է մուտքանուն և գաղտնաբառ, որից հետո հասարակ ընթացակարգով մուտք են գործում համակարգի մեջ և օնլայն ռեժիմով տեղեկանում իրենց հաշվիչի ցուցմունքներին: Բաժանորդն իր տանը նստած կարող է տեսնել իր ծախսը մեկ ժամ, մեկ օր առաջ: Եթե լինեն միջամտություններ, նրանք անմիջապես կտեսնեն: Այսուհետ այս բաժանորդները շատ քիչ են կախված լինելու այսպես կոչված «լույսի մարդուց»,-հայտնեց Միքայել Կուդոյանը՝ հավելելով, որ սա բնակիչների համար լրացուցիչ ծախս չի առաջացրել:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի երիտասարդ ընտանիքի համար օրը կրկնակի տոնական էր. ամուսնության երկրորդ տարեդարձ և բնակարանամուտ: Սրան ավելացավ նաև այն, որ նրանց նորակառույց բնակարան այցելեց Հանրապետության առաջին դեմքը: Հուլիսի 1-ին էլ պատրաստվում են նոր բնակարանում տոնել կնոջ՝ Աննայի 30-ամյակը: Վարդան Մկրտչյանի խոսքով՝ սեփական բնակարան ունենալը ներշնչման նոր առիթ է տալիս ու առաջացնում զգացմունքներ, որոնք բառերով բացատրելի չեն: «Մեր նպատակն է, որ այս երիտասարդը(խմբ՝ մի քանի ամսական որդու մասին է) չմնա մենակ, ունենա եղբայրներ, քույրեր, նրանք կկարողանան ունենալ իրենց անկյունը, տեղը: Այն, ինչ ստեղծել է իմ հայրը, հիմա ստեղծում ենք մենք, իրենք էլ կարողանան շատացնել, զարգացնել»,-ասաց թատրոնի երիտասարդ ղեկավարը:

Վարդան Մկրտչյանը հավելեց՝ միշտ էլ հավատացել է, որ կունենա իր բնակարանը քրտնաջան աշխատանքի շնորհիվ: «Արդյունքը չուշացավ, այսօր մեր թատրոնից արդեն 7-8 հոգի այս ծրագրի շահառուներն են»,-ավելացրեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am