ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի միջադեպում տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկություններ է փոխանցել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների առողջական վիճակի մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անահաիտ Հայթայանն իր գրառման մեջ գրել է. «Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից ստացիոնար բուժում ստացող 4 քաղաքացիներից կայուն ծանր է գնահատվում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների վիճակը։ Մյուս երկու հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։ Բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն, ցուցաբերվում է պատշաճ հոգատարություն և ուշադրություն։ Ինչ վերաբերում է տեսակցությունների թույլտվության խնդրին, ապա երբ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ներհիվանդանոցային կարգով սահմանված հատուկ ռեժիմի համաձայն, դրանք սահմանափակվում են։ Դա բխում է միայն հիվանդի շահերից՝ բուժական խնդիրներից, տարբեր վարակներից զերծ մնալու նպատակով»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում