Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանում խստացվում են ընտրախախտումների համար պատիժները

Հայաստանում խստացվում են ընտրախախտումների համար պատիժները

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև Ընտրական օրենսգրքի շուրջ երկարատև բանակցությունները, ի վերջո, տվեցին դրական արդյունք: Սեպտեմբերի 13-ին ԱԺ 5 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, ստորագրեցին «Նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին» հայտարարությունը, որով, փաստորեն, հանգուցալուծում տրվեց երկար ժամանակ տևած քննարկումներին, որոնք միտված էին Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացների նկատմամբ ավելի արդյունավետ վերահսկողական մեխանիզմների ներդրմանը: Ձեռք բերված համաձայնությունը բավարարում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին. համաձայնության ստորագրումից հետո ԸՕ-ի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումների նախնական փուլին մասնակցած հասարակական կազմակերպությունները հայտարարություն տարածեցին, որում դրական գնահատեցին ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի միջև ձեռք բերված համաձայնությունը:

Սա Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ քաղաքական ուժերի ստորագրած երկրորդ փաստաթուղթն է: Խորհրդարանական նույն ուժերը հունիսին համաձայնագիր ստորագրեցին, որի հիման վրա Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին: Փոփոխությունները վերաբերում էին ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգի կիրառմանը, որոնց համար, սակայն  առաջացել էին անհաղթահարելի խոչընդոտներ, ինչի հետևանքով այդ փոփոխությունը չեղյալ համարվեց:

Նոր համաձայնագրով ամրագրված դրույթները փոփոխություններ են նախատեսում ոչ միայն Ընտրական, այլ նաև Քրեական օրենսգրքում: Իշխանության ու ընդդիմության միջև ձեռք բերված հիմնական համաձայնությունը վերաբերում է ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը: Երկար տարիներ ստորագրված ընտրացուցակների հրապարակումը  ընդդիմության գլխավոր պահանջն էր, որը միշտ մերժվում էր իշխանությունների կողմից: Եվ ահա սեպտեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրով իշխանություններն ընդառաջ գնացին ընդդիմության պահանջին: Ըստ համաձայնության` ստորագրված ցուցակները ոչ միայն կհրապարակվեն, այլ նաև կսկանավորվեն ու կտեղադրվեն ԿԸՀ կայքում: Նախատեսվում է նաև վերականգնել գրանցամատյաններում ընտրողների ստորագրման պայմանը, որը հանվել էր էլեկտրոնային գրանցման ներդրման պատճառով: 

Սակայն ստորագրված ընտրացուցակների հրապարակումը միակ կարևոր համաձայնությունը չէ: Նոր փոփոխություններով նախատեսվում է խստացնել ընտրախախտումների համար պատիժները: Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածում՝ բացի նրանից, որ հոդվածով սահմանված ընտրախախտումների համար նախատեսված է ազատազրկում 3-5 տարի ժամկետով, պետք է սահմանվի որպես լրացուցիչ պատիժ  պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով: Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` «Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակները, հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, անհատական կնիքները, դրոշմակնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող կտրոնները, էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումները, ընտրական փաստաթղթերի պարկը կամ փաթեթը հափշտակելը», իսկ պատժամիջոցները կլինեն 150-րդ հոդվածում կատարվելիք փոփոխություններին համահունչ:

153-րդ հոդվածից (Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով) պետք է վերացվի տուգանքի տեսքով պատիժը, իսկ ազատազրկման տեսքով պատիժը խստացվի՝ սահմանվելով 2-5 տարի ժամկետով, ինչպես նաև, որպես լրացուցիչ պատիժ, սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում 1-3 տարի ժամկետով:

Համաձայնագիրն ամրագրում է, որ բոլոր ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանման սարքեր տեղադրվեն և ապահովվի ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը հատուկ ստեղծված կայքերի միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման և քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով: 

ՀՀ կառավարությունը Ընտրական օրենսգրքում և ՀՀ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների կատարումն օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացնի ՀՀ Ազգային ժողով՝ մինչև ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրյայի ավարտը:

Միևնույն ժամանակ, կողմերն ամրագրել են, որ այս համաձայնագիրը չի ենթադրում կոնսենսուս ամբողջ Ընտրական օրենսգրքի շուրջ: Համաձայնվող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումների ընթացքում հասնել համաձայնության նաև այլ դրույթների վերաբերյալ: Մասնավորապես, կարևորելով 2016թ. հունիսի 16-ի համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները, սույն համաձայնագիրը ստորագրող կողմերը 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քայլեր կձեռնարկեն ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման ուղղությամբ:

Շանթ Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am