Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ծնողների հիշողության մեջ նա այդպես էլ կմնա՝ խելոք Նորիկը. հերոս զինվոր Նորիկ Սարգսյանի ծննդյան օրն է

Ծնողների հիշողության մեջ նա այդպես էլ կմնա՝ խելոք Նորիկը. հերոս զինվոր Նորիկ Սարգսյանի 
ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խելացի  Նորիկը. մոր՝ Լենա Սարգսյանի խոսքով՝ հենց այսպես էին ծառայակիցները բնութագրում Նորիկին, ով ընտանիքի 6 զավակներից 3-րդն էր: Ապրիլյան պատերազմի ընթացքում Ջեբրայիլի մարտական դիրքերում զոհված զինծառայող Նորիկ Սարգսյանն այսօր կդառնար  20 տարեկան:

«Երեխաներիցս 3-ը շատ հանգիստ էին, իսկ մյուս 3-ը՝ աշխույժ ու ճարպիկ: Նորիկս բնավորությամբ հանդարտ, լսող երեխա էր տանն էլ, դպրոցում էլ: Եթե ինչ-որ բան ասում, խնդրում էինք, անձայն անում էր: Դպրոցում շատ էր սիրում գծագրություն, բոլորի փոխարեն նա էր անում: Ձեռքից ամեն ինչ գալիս էր, վերջերս էլ  հորն էր սկսել օգնել, գյուղում տներն էին վերանորոգում, եթե գործ լինում էր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նորիկի մայրը:

Տիկին Լենայի խոսքով՝ Նորիկը երբեք չէր դժգոհում ծառայությունից, նույնիսկ ասում էր՝ դիրքերում շատ ավելի լավ է:

«Ինքը ծառայության էլ շատ ոգեւորությամբ անցավ: Եղբայրներն իրենից առաջ ծառայել էին, զանգում էր, խոսում իրենց հետ, պատմում ծառայության մասին: Ասում էր՝ արդեն հարմարվել եմ: Ծառայակիցների հետ էլ շատ լավ էր: Ամսվա մեջ երկու անգամ քաղցրավենիք, անհրաժեշտ իրեր էինք ուղարկում, վերջին անգամ նախքան դիրքեր բարձրանալը ուղարկեցինք: Գումար էլ էր խնդրել, բայց չէինք կարող ուղարկել: Ինքն ասաց՝ ոչինչ, բան չկա, մտավ մեր դրության մեջ, բայց դա մինչեւ հիմա ամուսնուս հիշողության մեջ է, սրտին դարդ է եղել, որ չի կարողացել փող ուղարկել. ասում էր՝ գոնե հարեւանից վերցնեի, ուղարկեի»,-պատմեց մայրը:

Վերջին անգամ Նորիկը հարազատների հետ խոսել է ապրիլի 1-ին:

«Ասաց դիրքեր կգնամ, կզանգեմ: Սպասեցինք, սպասեցինք, բայց չզանգեց: Մտածեցինք՝ նոր է գնացել, տեղավորվի, կզանգի: Այդ օրն էլ պատերազմի մասին լուրերը տարածվեցին, սկսեցինք անհանգստանալ: Մեր հարեւանի տղան Նորիկիս հետ էր ծառայում, զանգել էր ծնողներին, ասել, որ հարձակում է եղել: Մենք էլ խնդրեցինք փոխանցել Նորիկին, որ մեզ էլ զանգի, բայց այդ տղան ամեն ինչ էլ գիտեր, չէր ուզում ասել: Հետո մեր բարեկամներից իմացանք, որ կորածների ցուցակում է»,-հիշեց զինծառայողի մայրը:


Նորիկի հայրը՝ Զավեն Սարգսյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է: Հպարտությամբ նշեց, որ որդու ծառայության առաջին շաբաթվա ընթացքում հրամանատարներից մեկը զանգել եւ շնորհակալություն է հայտնել նման որդի դաստիարակելու համար:

«Նորիկս շատ խելոք էր, մենակություն էր սիրում, երբեք չէր դժգոհում: Կապված էր եղբայրների հետ, դեպքից մեկ ամիս առաջ էին գնացել նրա մոտ, ասել էր՝ ամեն ինչ լավ է: Իսկ այդ օրը շրջափակման մեջ էին ընկել, ինքը վիրավորված է եղել, բայց կռվել է մինչեւ վերջ»,-ասաց հայրը:

 

Հավերժ փա՛ռք քեզ, հերո՛ս:

 

Սյուզի Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am