Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երևանի կենդանաբանական այգին համալրվելու է կարմիր պանդաներով

Երևանի կենդանաբանական այգին համալրվելու է կարմիր պանդաներով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում հոկտեմբերի 4-ը նշվում է Կենդանիների պաշտպանության օրը կամ պարզապես Կենդանիների օրը: Այն ստեղծված է մարդկանց ուշադրությունը գրավելու Երկիր մոլորակի մյուս  բնակիչների խնդիրների վրա: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, արդեն հայտնի է, որ սկսվել է Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման երկրորդ փուլը: Ի՞նչ ընթացքի մեջ են գտնվում աշխատանքները:
-Նախագիծն իրականացվում է մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Աշխատանքների առաջին փուլի արդյունքները հանրությունը գնահատելու հնարավորություն ուներ դեռևս 2015 թվականի հունիսից: Այս ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ`միջազգային փորձագետների և ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցության արդյունքում մշակվել են 2-րդ փուլով նախատեսված նոր ազատավանդակների նախագծերը, իսկ շաբաթներ առաջ արդեն սկսվել են շինարարական աշխատանքները: 

Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսված հիմնական աշխատանքների ցանկում արջերի և գայլերի, աֆրիկյան առյուծների, գիշատիչ թռչունների ընդարձակ ազատավանդակների, ինչպես նաև կարանտին կենտրոնի կառուցումն է: Այս պահին հիմնական աշխատանքները կենտրոնացված են անդրկովկասյան գորշ արջերի` հանրային տարածքից տեսանելի ազատավանդակի ընդլայնման և վերակառուցման, ինչպես նաև առյուծների համար նախատեսված նոր ազատավանդակի կառուցման ուղղությամբ: Նոր նախագծի համաձայն` արջերի ազատավանդակը էլ ավելի կընդլայնվի (այգու օգտագործելի տարածքը կավելանա շուրջ 6000 քմ-ով), և ընդարձակ տարածքում միասին կբնակվեն գորշ արջերն ու գայլերը, իսկ այցելուները վայրի կենդանիների վարքագծին կհետևեն իրենց բնական միջավայրում:

Շինհրապարակները տեղակայված են այգու չգործարկվող հատվածներում, ուստի, չնայած շինարարական եռուզեռին, կենդանիները շարունակում են ապրել իրենց սովորական կենսակերպով, իսկ այգին աշխատում է նույն աշխատանքային ժամանակացույցով:

-Ապագայում ի՞նչ ծրագրեր կան նախատեսված կենդանաբանական այգում  նոր կենդանիներով համալրման հետ կապված:
-Նոր կենդանատեսակներ բերելն այսօր Երևանի կենդանաբանական այգու համար առաջնային խնդիր չէ, անհամեմատ ավելի կարևոր է եղած տեսականու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը: Հարկ է նշել, որ Երևանի կենդանաբանական այգին այժմ իր ցուցադրվող տեսականին փոխելու և համալրելու համար առաջնորդվում է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի (EAZA) կանոնակարգերով, ինչը ենթադրում է, որ ցանկացած նոր կենդանի բերելու համար այգին պետք է ունենա տվյալ կենդանատեսակի կենսաձևինբնորոշ,հնարավորինս բնությանը մոտ պայմաններ ապահովող ազատավանդակներ:
Եվ եթե հին ժամանակներից այգում ապրող կենդանատեսակների դեպքում հնարավոր է որոշ ժամանակով հետաձգել նրանց համար անհրաժեշտ ազատավանդակների կառուցումը, ապա նոր կենդանիների դեպքում Այգու միջազգային գործընկերները համագործակցում են բացառապես հիմք ընդունելով կենդանուն անհրաժեշտ պայմանների առկայությունը: Այս իսկ պատճառով Երևանի կենդանաբանական այգու կենդանի հավաքածուի համալրման և թարմացման գործընթացը նպատակահարմար է ակտիվացնել շինարարական աշխատանքների ավարտից հետո:

Այս ընթացքում է, սակայն տեսականում թարմացման գործընթացը կանգ չի առնում. նեղ ազգակցական բուծումից խուսափելու համար այգի կտեղափոխվեն թութակներ, սև կարապներ և ուղտայծեր: Այցելուների համար, թերևս, ամենամեծ անակնկալը կլինի կարմիր պանդան, որը նախատեսվում է Երևան տեղափոխել հաջորդ տարի:

-Ներկայումս ի՞նչ խնդիրներ ունեն կենդանաբանական այգու «բնակիչները»: 

-Առօրյա փոքրիկ խնդիրներին զուգընթաց Երևանի կենդանաբանական այգու «բնակիչների» թիվ մեկ խնդիրը եղել և մնում է այգու տարածքի սահմանագծերին ցանկապատնների բացակայությունը: Հատուկ ցանկապատերն ու հստակ սահմանազատումը քաղաքի բնակելի հատվածից անվտանգության կարևորագույն երաշխիքն է ոչ միայն այգու կենդանատեսակների, այլև այգու հարակից տարածքների բնակիչների համար:

-Շնորհակալություն հարցազրույցի համար:

ՀարցազրույցըԿարեն Խաչատրյանի

1931 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային համագումարում որոշվել էր հոկտեմբերի 4-ը նշել Կենդանիների պաշտպանության օր: Վերջին տարիներին այսպիսի օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհով մեկ և ներկայումս այս օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են ավելի քան 60 երկրներում:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am