Փարաջանովի թանգարանին նվիրված նամականիշները կմեծացնեն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայփոստ» ՓԲԸ նոյեմբերի 18-ին շրջանառության մեջ դրեց «Հայաստանի թանգարաններ. Սերգեյ Փարաջանովի թանգարան» թեմային նվիրված երկու նամականիշ: «Նամականիշներն ունեն 300 և 380 դրամ անվանական արժեք և տպագրված են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը յուրաքանչյուրը 50 000 օրինակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ֆիլատելիայի վաճառքների պատասխանատու Մարգարիտա Հակոբյանը:
300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ճակատային հատվածը, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Փարաջանովի թանգարանի սրահների կոլաժային պատկերը:
«Նամականիշները նպաստում են աշխարհում Հայաստանի ճանաչելիությանը: Ամեն տարի նամականիշների հավաքորդները շատանում են: Նյու Յորքի նամականիշների ցուցահանդեսում մենք ներկայացրել էինք մեր նմուշները, արժանացել համընդհանուր ուշադրության և շահել մրցույթում»,-ընդգծեց «Հայփոստ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով`տարվա ընթացքում բազմաթիվ ֆիլատելիստական ցուցահանդեսներ են անցկացվում: «Ազգային խորհրդանիշներից մեկն է նամականիշը: Պետական այրերը պետական այցերի ժամանակ իրենց երկրների նամականիշներն են նվիրում միմյանց: Մեր խնդիրներից մեկը միջոցառումներ և ցուցահանդեսներ կազմակերպելն է, որտեղ կներկայացվեն նամականիշների բացառիկ նմուշներ»,-ասաց միության նախագահը:
Նամականիշի դիզայներ Դավիթ Դովլաթյանն ընդգծեց, որ անձամբ ճանաչել է Փարաջանովին, նկարահանվել է նրա «Աշուղ Ղարիբը» ֆիլմում: «Թեման հոգեհարազատ էր և սիրով եմ աշխատել նամականիշի վրա: Կարևոր է արտասահմանցիներին ծանոթացնել այս յուրահատուկ թանգարանին, և մենք մեր ձևով ենք դա անում»,- նշեց դիզայները:
Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը շեշտեց, որ շատերը Փարաջանովի թանգարան այցելելու նպատակով տարբեր երկրներից հատուկ գալիս են Հայաստան: «Փարաջանովն այն մարդն էր, ով ամեն տեղ նշում էր, որ ինքը հայ է, և նրա ցանկությունն իր արվեստը Հայաստանում ներկայացնելն ու զարգացնելն էր՝ չնայած բազմաթիվ ազգեր Փարաջանովին իրենցն են համարում»,-փաստեց տնօրենը:
Նամականիշի թողարկման օրը` 18 նոյեմբերի 2016թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 60,0 x 30,0 մմ
Տպաքանակը` 50 000 x 2
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում