Լիբանանում հայ խաղաղապահներին մեդալներ է շնորհվել
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում տեղի է ունեցել ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ ուժերի կազմում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հերթափոխը: Պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, դեսպանատան անդամներ, զինվորականներ: Հայկական 4-րդ զորախմբի հրամանատար Տիգրան Սահակյանն իր լիազորությունը հանդիսավորությամբ փոխանցել է Լիբանան ժամանած հայկական 5-րդ զորախմբի հրամանատար Կարեն Աթոյանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեյրութից, ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահ ուժերի Արեւմտյան հատվածի հրամանատար գնդապետ-զորավար Ուգո Չիլլոն բարձր է գնահատել հայկական զորախմբի կարգապահությունը:
Բացման խոսքով հանդես են եկել Սամվել Մկրտչյանը, Կարեն Աթոյանը, Տիգրան Սահակյանը եւ ուրիշներ:
Դեսպան Սամվել Մկրտչյանը եւ Ուգո Չիլլոն ՄԱԿ-ի կողմից հատկացված մեդալներ են հանձնել զինվորական առաքելությունն ավարտած հայկական զորախմբի անդամներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում