Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ադրբեջանը ստում է լավաշի հարցում. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է Հայաստանի հայտը դեռևս 2014թ.

Ադրբեջանը ստում է լավաշի հարցում. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է Հայաստանի 
հայտը դեռևս 2014թ.

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ադրբեջանական մամուլում լուրեր էին շրջանառվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լավաշը հայկական մշակութային տարր ճանաչելու մասին որոշումը մերժելու և փոխարենը ադրբեջանական հայտը ընդունելու վերաբերյալ։ Սակայն, ինչպես միշտ, այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ից Եթովպիայում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցվելու համար ներկայացված հայտերը, այդ թվում` Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի կողմից ներկայացված «Տափակ հաց պատրաստելու և հյուրասիրելու մշակույթ. լավաշ, քաթըրմա, ժուպկա, յուֆկա» համատեղ հայտը:

Մեր տեղեկություններով, վերը նշված հայտը ներկայացվել է 2015 թ-ին՝  ի պատասխան Հայաստանի կողմից ավելի վաղ ներկայացված և 2014 թվականին Կոմիտեի 9-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի։

Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար քայլեր են ձեռնարկվում քաղաքականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը և այն համագործակցության ձևաչափից վերածելու քաղաքական տարաձայնությունների ու բախումների հարթակի, իսկ վերոնշյալ հայտը դրա հերթական ապացույցն է:

Չնայած «տափակ հացի» պատրաստման ավանդույթը լայնորեն տարածված է տարածաշրջանի բազմաթիվ երկրներում, Հայաստանում լավաշի պատրաստման մշակույթն իր բոլոր բաղադրիչներով` պատրաստման եղանակով, նշանակությամբ և մշակութային ինքնարտահայտման բազմազանությամբ, էապես տարբերվում է այլ երկրներում համանման մշակույթներից:

Հայկական պատվիրակությունը պնդել է, որ Կոմիտեն որդեգրի այն դիրքորոշումը, որն արտահայտել էր 2014 թվականին` ՀՀ կողմից ներկայացված հայտի քննարկման ժամանակ։ Հայկական կողմի նախաձեռնած քայլերի արդյունքում Կոմիտեի որոշման նախագիծը լրամշակվեց։

Նոյեմբերի 30-ին Կոմիտեն, քննարկելով վերոնշյալ համատեղ հայտը, իր որոշման մեջ հղում է արել ՀՀ կողմից ներկայացված հայտի առնչությամբ 2014 թվականին ընդունված որոշմանը՝ հաստատելով, որ «տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրներում ապրող համայնքները կիրառում են հայտում ներկայացված «տափակ հացի» տեսակները»: Այդպիսով, Կոմիտեն կոչ է անում հայտը ներկայացնող երկրներին տվյալ տարրի պահպանման միջոցներն իրականացնելիս հաշվի առնել տարրի ավելի լայն մշակութային ընդգրկումը տարածաշրջանում և դրանից դուրս:
Ուստի Կոմիտեն իր որոշմամբ փաստում է, որ համատեղ հայտում նշվող տարրի գրանցումը չի ենթադրում, որ այն բացառիկ է, այլ կիրառվում է նաև «տարածաշրջանում և դրանից դուրս», իսկ «տափակ հացի» տեսակներից մեկը` լավաշը, դեռևս 2014 թվականին ընդգրկվել է Ներկայացուցչական ցանկում՝ որպես Հայաստանում կիրառվող տարր:

Իսկ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվության առնչությամբ ցանկանում ենք ընդգծել, որ Կոմիտեն 2014 թվականին չի մերժել ՀՀ կողմից 2013 թվականին ներկայացված հայտը: Այն ընդունվել է 2014 թ. նոյեմբերի 26-ին` Կոմիտեի 9-րդ նստաշրջանի ընթացքում` անցնելով Կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը։ 

Հայաստանը Կոմիտեի անդամ է ընտրվել 2016 թ. հունիսին` 4 տարի ժամկետով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am