Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս գործել նաև արտերկրում

ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս գործել նաև արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սպիտակի երկրաշարժից, որը տեղի ունեցավ 1988 թվականին, այժմ ոչ միայն հայ ժողովուրդն է քաղում դասեր, այլև ամբողջ աշխարհը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը խոսեց, թե ինչ փոոփոխություններ են տեղի ունեցել Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց։ «Երկիրը վերափոխվեց Սպիտակի երկրաշարժից հետո։ Միջազգային կազմակերպությունները և կառույցները սկսեցին մշակել տարբեր համակարգեր, որպեսզի բնակչության քաղպաշտպանությունն առավել արդյունավետ դարձնեն։ Ասեմ, որ Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց տվեց, որ մեր երկրում հնարավոր են և կարող են լինել ինչպես ուժեղ երկրաշարժեր, այնպես էլ տարբնույթ այլ աղետներ, որոնց անհրաժեշտ է պատրաստվել»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը։ 

Նրա խոսքով` 1991 թվականին պատերազմող երկիրն իր առաջին քայլերն է արել և ստեղծել բնակչության պաշտպանության համակարգը։ Սկզբում ստեղծվել է սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, ապա նաև` ԱԻ վարչությունը։ «Իսկ այժմ գոյություն ունի ԱԻՆ-ը, որն իր հարկի տակ է հավաքել տարբեր հզոր ստորաբաժանումներ՝ փրկարար ծառայություն, սեյսմիկ պաշտպանության ծառայություն, տեխնիկական անվտանգության, հիդրոմետ ծառայությունները և այլն»,-նկատեց Գրիգորյանը:  

Գեներալ-մայորը հավելեց, որ  ԽՍՀՄ տարիներին չկային փրկարարական կառույցներ, սակայն ընդգծեց, որ այսօր մենք ունենք այդ կառույցը. «Մեր կառույցում 3000-ից ավելի հրշեջ-փրկարարներ կատարելագործվել են, վերապրոֆիլավորվել, տեխնիկապես ապահովվել և ուսուցանվել են։ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ փրկարաները անցել են բազմաթիվ քննություններ, փորձառություն են ձեռք բերել, և այսօր մենք հանդիսանում ենք «Ինսառակ» միջազգային որոնողախորհրդատվական, փրակարարական ծառայության անդամ։ Այս կառույցում ընդգրկված են զարգացած երկրների` աշխարհի լավագույն փրկարարները։ Մեր փրկարարների այդ խմբի, որի անդամները տիրապետում են անգլերենին, հանդերձանքն ու տեխնիկական հագեցվածությունը, պրոֆեսիոնալիզմը թույլ են տալիս յուրաքանչյուր երկրում գործել, հավասարը-հավասարի պես»:  

Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ ուղիղ վեց տարի միայն փորձությունների շրջան էր ընթանում, իսկ պատրաստվածությունը ավելի շատ է տևել։ «Մեր հարևան երկրները կերազեն լինել այդ կազմակերպության անդամ։ Մեր կողքին միշտ եղել են միջազգային տարբեր կազմակերպություններ»,- նշեց նա։ 

Եզրափակելով իր խոսքը` ՓԾ գեներալ-մայորն ասաց, որ ԱԻՆ-ի մեծ և կարևոր ձեռքբերումներից է բոլոր մարզերում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների ստեղծումը։ «Այս ամենից կարող ենք եզրակացություն անել, որ այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնները և 911 ծառայությունը ստեղծելով, կարողացել է մեր բնակչության համար ապահովել վստահության մի կառույց, որ յուրաքանչյուր պահի ամեն ոք կարող է զանգել  911 և նրան կօգնեն հաղթահարել կենցաղային ամենապարզից մինչև ամենաբարդ դեպքերը»,- ասաց Գրիգորյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am