Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 21.02.2017

Սպասվող լրահոս. 21.02.2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Փետրվարի 21-ը Մայրենիի միջազգային օրն է: Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես այդ օրն անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: Մայրենիի օրվա առթիվ, հայ մտավորականները, լեզվաբանները, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր կայցելեն Օշական և ծաղիկներ կխոնարհեն Մեսրոպ Մաշտոցի շիրմին: Այնուհետև եկեղեցուն կից դպրատանը կկայանա Մայրենիի օրվան նվիրված միջոցառում, որտեղ ելույթ կունենան Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառի միջոցառումների շրջանակում կանցկացվի ցերեկույթ «Մեսրոպ Մաշտոց-1655» խորագրով՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան: Նախատեսված է հեքիաթապատում, կինոցուցադրություն, համերգային ծրագիր:

Փետրվարի 20-ին Արցախում անցկացվեց սահմանադրական հանրաքվե: Ներկա էին բազմաթիվ միջազգային և տեղական դիտորդներ, լրագրողներ: Ինչպես և ակնկալվում էր քաղաքական դաշտը քննարկում է սահմանադրական հանրաքվեն: «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը, ԼՂ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, ՀՅԴ անդամ Դավիթ Իշխանյանը, քաղաքագետ Միքայել Զոլյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյան կներկայացնեն իրենց դիտարկումները:

Ինչպե՞ս անել, որ գիտական արդյունքները ներդրվեն տնտեսության ոլորտում, ինչպե՞ս գիտությունը մոտեցնել տնտեսությանը: Այս և այլ հարցերը կլինեն ՀՀ ԳԱԱ-ում անցկացվող «Հայաստանի կենսաբազմազանության պահպանման կիրառական կողմերը» խորագրով քննարկման օրակարգում: Միջոցառման նպատակն է քննարկել առաջարկներ, որոնք կնպաստեն գիտական արդյունքների ներդրմանը տնտեսության և բնապահպանության ոլորտում:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հանդես կգա մամուլի ասուլիսով՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության պաշտոնական մեկնարկի կապակցությամբ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը՝ դեսպան Յան Պետերսենը, կներկայացնի առաքելության դերն ու առաջիկայում իրականացվող միջոցառումները: Առաքելությունը ժամանել է Հայաստանի իշխանությունների հրավերով:

Նոր խմորումներ` Ժառանգություն կուսակցությունում: Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին: Սա, ըստ էության, սպասելի էր: «Ժառանգություն» կուսակցությունը Ազգային ժողովի ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում է կայացրել, ինչին ի սկզբանե դեմ էր Զարուհի Փոստանջյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Զարուհի Փոստանջյանի այս քայլին կանդրադառնա Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Օրվա ընթացքում ներքաղաքական զարգացումներին կանդրադառնա նաև ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Փետրվարի 13-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել էր իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Ստեղծված ճգնաժամը հաջողվել է հաղթահարել: Այժմ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը այցելում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Պոլսո հայոց Պատրիարքի ընտրության շուրջ ձևավորված թնջուկի ` Վեհափառի հետ սպասվող հանդիպման մասին կխոսի հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը։

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու համար կստորագրվի համագործակցության հուշագիր: Այն կստորագրվի ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող բնակարանաշինական ծրագրերի համակարգող Արսեն Քարամյանի և «Արարատ Բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն-վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի կողմից: Նշենք, որ նշված ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվում է շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվել են երիտասարդ բժիշկներին, մանկավարժներին, դասախոսներին, գիտաշխատողներին, ծրագրավորողներին, բանկային համակարգի աշխատողներին և այլն: Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ. ՀՀ դրամ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am