Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս Կարիգիանիսն այցելել է Սփյուռքի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փետրվարի 23-ին ընդունեց Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեյմս (Ջիմ) Կարիգիանիսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ջիմ Կարիգիանիսը 2017թ-ի փետրվարի 20-ին ԼՂՀ սահմանադրական հանրաքվեում որպես միջազգային դիտորդ ներկայացրել է Կանադայի կառավարությունը:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց կանադացի քաղաքական գործչի ակտիվ դիրքորոշումը ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության, ինչպես նաև՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման և Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ, կարևորեց վերջին տարիներին իրականացրած գնահատելի աշխատանքը։ Նախարարը մասնավորապես նշեց. «Ես ուրախ եմ Ձեզ ողջունել, տեղյակ եմ Ձեր հայանպաստ գործունեությանը: Հույները և հայերը մոտ են ազգային հոգեկերտվածքով, պատմությամբ ու ավանդույթներով»:
Ջեյմս Կարիգիանիսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ սիրով և ոգևորությամբ է այցելում Հայաստան։ Նա նշեց. « Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան, օրերս եղել եմ Արցախում և շատ տպավորված եմ այդ փոքրիկ երկրով ու նրա հերոսական ժողովրդով: Ես իսկապես հասկանում և գնահատում եմ ձեզ, ծանոթ եմ ձեր ժողովրդի պատմությանը: Եղել եմ Վանում, Սասունում, Դիարբեքիրում, շատ հանդիպումներ եմ ունեցել հայերի հետ»:
Կարիգիանիսը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար 2014թ.Հայաստանում պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով և 2014թ.Արցախում «Ոսկե» մեդալով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում