Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մարտի 23-ը օդերևութաբանի համաշխարհային օրն է

Մարտի 23-ը օդերևութաբանի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արդեն 12 տարի է մարտի 23-ը նշում են որպես օդերևութաբանի օր՝ կառավարության համապատասխան որոշմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել իր կոլեգաներին։ 

«Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան»,- նշել է Սուրենյանը: 

2016 թվականին այդ օրվա համար ընտրվել է «Ավելի շոգ, չորային, խոնավ հայացքով` ապագային» նշանաբանը և դա պատահական չէ, քանի որ մոլորակի բոլոր կետերում տեղի են ունենում եղանակի և կլիմայի հետ կապված այնպիսի շրջադարձային եւ ճակատագրական իրադարձություններ, որ ակնառու է դարձնում Երկրագնդի գլոբալ դիտարկումների և ուսումնասիրման անհրաժեշտությունը։ 

«Տարերային աղետների 90 տոկոսը այս կամ այն կերպ եղանակային, կլիմայական կամ ջրային ծագում ունեն։ Ցավոք, վերջին տարիներին տարերային աղետների կտրուկ աճի միտում է նկատվում, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ բնականոն զարգացման վրա։ Նման իրավիճակը պահանջում է օդերևութաբանական եւ հիդրոլոգիական սպասարկման նոր, ավելի կատարելագործված տեսակներ։ Հայաստանում բնության, եղանակի եւ կլիմայի նկատմամբ ակնադիտարկումներ կատարվել են շատ վաղ ժամանակներում, իսկ առաջին գործիքային դիտարկումները՝ 19-րդ դարի քառասունականներին, Խաչատուր Աբովյանի մասնակցությամբ, երբ կազմակերպվեցին Ալեքսանդրապոլի (Գյումրի, 1843թ.), Էրիվանի (Երեւան, 1844թ.), ապա նաև Նոր Բայազետի (Գավառ, 1890թ.) և Ելենովկայի (Սեւան, 1894թ.) օդերևութաբանական կայանները»,- ասվում է Գագիկ Սուրենյանի գրառման մեջ։ 

Սկսած 1961 թվականից՝ մարտի 23-ը համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ, աշխարհի 188 երկրներում նշվում է որպես համաշխարհային օդերևութաբանական օր՝ պայմանավորված 1950 թվականի այդ օրը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի գործողության մեջ մտնելու հանգամանքի հետ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am