Հայ իմպրեսիոնիստների ցուցահանդեսը Մոսկվայի մշակութային կարևոր իրադարձությունների ցանկում է
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Esquire Russia ամսագիրը «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչ Փարիզ» խորագրով ցուցահանդեսն ընդգրկել է Մոսկվայի մշակութային յոթ կարևոր իրադարձությունների ցանկում:
«Ապացուցելով «ռուսական իմպրեսիոնոզմի» գոյությունը` ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանն անցել է այլ ազգերի դպրոցների ուսումնասիրությանը: Առաջինը հայկականն է: Մարտի 25-ից մինչ հունիսի 4-ը թանգարանում կանցկացվի «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչ Փարիզ» խորագրով ցուցահանդեսը:
Ներկայացվելու են ավելի քան 20 հայ նկարիչների 58 աշխատանքներ, այդ թվում հանրահայտ Մարտիրոս Սարյանի որոշ կտավներ: Նկարների մեծ մասը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հոդվածում:
Ցուցադրվելու են նաև Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի և այլ ականավոր նկարիչների գործեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում