Հայաստանում մեկնարկել է «Արգենտինական գինու շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը կազմակերպում է արգենտինական գինուն նվիրված միջոցառումների շարք: Ապրիլի 17-23-ը նախատեսված «Արգենտինական գինու շաբաթ»-ը հագեցած կլինի տարատեսակ միջոցառումներով, որոնց շրջանակում մարդիկ հնարավորություն կունենան վայելելու արգենտինական նշանավոր «Մալբեկի» եւ այլ տեսակի գինիներ քաղաքի լավագույն ռեստորաններում եւ գինետներում` զգալի զեղչերով:
Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշեց, որ առանձնահատուկ շաբաթ է սպասվում, քանի որ այն ներառելու է միջոցառումների առավել լայն շրջանակ՝ ի տարբերություն նախորդ տարվա:
«Նախաձեռնության հիմնական գաղափարը հայ ժողովրդին արգենտինական մշակույթի, գինու, սպորտի, այլևայլ ձեռքբերումների մասին ավելի շատ տեղեկություն փոխանցելն է: Արգենտինան գինու արտադրության ոլորտում աշխարհում 5-րդ տեղն է զբաղեցնում, իսկ արտահանման մասով՝ 9-րդը, այդ իսկ պատճառով հատկանշական ենք համարում եւս մեկ անգամ ցույց տալ, թե ինչքան կարեւոր է գինին արգենտինական մշակույթում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:
Նրա խոսքով, սակայն, միջոցառումները լոկ գինու տեսականին ներկայացնելու համար չեն կազմակերպվել. դրանք նաեւ միտված են Հայաստանում մասնավոր սեկտորի հետ համագործակցության խթանմանը, զբոսաշրջության զարգացմանը:
«Մենք մի շարք հանդիպումներ, զրույցներ ենք ունեցել սննդի արտադրության ոլորտի կազմակերպությունների հետ եւ համոզվել, որ արգենտինական գինին իր տեղն ունի Երեւանում, որը կարեւոր տուրիստական կենտրոններից մեկն է համարվում»,-եզրափակեց նա:
Միջոցառումների շրջանակում ապրիլի 19-ին ռեստորանների անձնակազմերի համար կանցկացվի արգտենտինական գինու առանձնահատկությունների վերաբերյալ վերապատրաստում, ապրիլի 21-ին՝ «Արգենտինական ընթրիք», ապրիլի 22-ին էլ «Այրես» ռեստորանում հնարավորություն կտրվի մասնակցելու «Էմպանադաների, գինու եւ տանգոյի երեկոյի» եւ այլն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում