Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Ինտերպոլի համբավը չարաշահելու քայլերը

 Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Ինտերպոլի 
համբավը չարաշահելու քայլերը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը վեհաժողովի  գարնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել, որում քննադատել  է Ինտերպոլի համբավն ու անունը չարաշահելու Ադրբեջանի գործողությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրա Կարապետյանն ընդգծել է, որ մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող ցանկացած թեմա բավականին կարևոր է, և անհրաժեշտ է այն պահել ուշադրության կենտրոնում: «Մենք պետք է ընդգծենք Ինտերպոլի դերը` իբրև արդյունավետ միջոց հանցավորության դեմ պայքարում միջպետական և միջազգային համագործակցության համար: Սակայն կա մի խիստ կարևոր հարց, որ պետք է շատ հստակ ձևակերպել. ոչ մի երկիր իրավունք չունի չարաշահելու Ինտերպոլի համբավն ու անունը` սեփական նպատակների իրականացման համար, հատկապես քաղաքական նկատառումներով: Եվրոպայի խորհրդի որոշ անդամ պետություններ փորձել են խախտել Ինտերպոլի կանոնակարգի հոդված 3-ը, որով արգելվում է Ինտերպոլի միջամտությունը քաղաքական, կրոնական կամ ռասիստական բնույթի գործերին»,- ասել է Կարապետյանը:

Նա մանրամասնել է, որ ԵԽ անդամ Ադրբեջանը Ինտերպոլի անունն օգտագործում է նման դեպքերի համար, և ներկայացրել է մի քանի այդպիսի դեպքեր: «Օրինակ, Ադրբեջանը վերջերս դիմել է Բելառուսին` բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու համար: Լապշինի հանցագործություններից է Ադրբեջանի իշխանությունների քննադատությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցելությունը` մի հանրապետություն, որ կես դար առաջ օրինականորեն հռչակել է իր անկախությունը, առանձնացել է Խորհրդային Ադրբեջանից: Մինչ Ինտերպոլը, ինչպես հետագայում պարզվեց, մերժել է Լապշինի մասին Ադրբեջանի դիմումը, բլոգերը, ով հանդիսանում է Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, այնուամենայնիվ, ձերբակալվեց և արտահանձնվեց Բաքու: Եվ այս ամենը օրինականացնելու համար, Բելառուսի նախագահն իր և իր ընկերոջ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները հիմնավորեց Ինտերպոլի պահանջով: Այս օրինակը շատ հստակ է նկարագրում Ինտերպոլի համբավի և անվան չարաշահումը, և այս ամենն առանց որևէ պատասխանատվության չարաշահողի համար»,- ընդգծել է Նաիրա Կարապետյանը:

Պատգամավորն ասել է, որ Ինտերպոլի համբավի չարաշահման այս անպատժելիության հետևանքն էլ ավելի ծիծաղելի է. Լապշինի արտահանձնման դեպքից 2 շաբաթ անց Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել  Եվրախորհրդարանի 3 պատգամավորների նկատմամբ, ովքեր սահմանադրական հանրաքվեի դիտարկման համար այցելել էին Արցախի  Հանրապետություն:

«Կան ավելի զավեշտալի դեպքեր ևս, ինչպես, օրինակ, հնագետները հետախուզվում են Ադրբեջանի կողմից իրենց մասնագիտական հետազոտությունն անելու համար: Ես, իրոք, ուզում եմ հավատալ, որ մեր համատեղ ջանքերը կտան իրենց պտուղները, և այնպիսի կարևորագույն կազմակերպությունը, ինչպիսինն է Ինտերպոլը, որոշ երկրների կողմից չի վերածվի քաղաքական հերթական հարթակի»,- եզրափակել է Կարապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am