Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նախորդ տարվա ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց ձեր ընտանիքին նույնպես ապահովել բնակարանով: Շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ՝ հերոս որդի լույս աշխարհ բերելու համար: Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում