Մանկական բեսթսելեր 4/16. «Թոմ Սոյերի արկածները» գիրքն ամենավաճառվածների ցանկում է
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Արև, արև, եկ, եկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն է, որում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:
Ցանկ է վերադարձել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այն մեծ մասսայականություն է վայելում փոքրիկների շրջանում: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:
Երրորդ տեղում Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ստեղծագործությունն է: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարթսի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:
Մանկական բեսթսելերի չորրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները» մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և հինգերորդն է: Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախությամբ ու խաբեբայությամբ զբաղվել, անազնիվ չի կարելի լինել: Չի կարելի նաև թռչուններին ու կենդանիներին պարսատիկով հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, աղբյուրի ակունքը աղտոտել... Ինչքա՜ն բան կա մեր կյանքում, որ չի կարելի անել:
«100 դասական հեքիաթներ» ժողովածուն այս շաբաթ վեցերորդն է: Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:
«Հայ ժողովրդական առակներ» ժողովածուն բարելավել է իր դիրքերը և յոթերորդ տեղում է: Նրանում ընդգրկվել են դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են, առակատիպ ժողովրդական զրույցներ, հեքիաթատիպ առակներ:
Ութերորդը Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են: Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Իններորդ հորիզոնականում Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքն է: Թոմը մոտ 12 տարեկան տղա է, որը, մոր մահից հետո, ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում են տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Դրանք մի քանի ամիս են տևում: Արկածների ընթացքում Թոմը հասցնում է գտնել իր սերը, ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին, փախչել տնից, դառնալ ծովահեն և ապրել կղզում:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է հայ մեծանուն գրող, մանկագիր Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը: Աղայանի գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել համաշխարհային ստեղծագործության նմուշներ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» գրախանութը (53-74-13), «Զանգակ» (23-26-49) և Էդիթ Պրինտ (52-08-48) հրատարակչությունները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | «Արև, արև, եկ, եկ» | Էդիթ Պրինտ | 55 | |
2 | «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» | Բուկինիստ | 43 | |
3 |
Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» |
Զանգակ | 35 | |
4 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 25 | |
5 |
Ռուբեն Մարուխյան «Չիկարելիի արկածները» |
Էդիթ Պրինտ | 22 | |
6 | «100 դասական հեքիաթներ» | Զանգակ | 18 | |
7 | «Հայ ժողովրդական առակներ» | Էդիթ Պրինտ | 16 | |
8 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 15 | |
9 |
Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները» |
Անտարես | 15 | |
10 |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 12 |
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում