Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Orion Score-ը՝ ստարտափների ներդրումային ներուժը համապարփակ գնահատելու հարթակ

Orion Score-ը՝ ստարտափների ներդրումային ներուժը համապարփակ գնահատելու 
հարթակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստարտափների ներդրումային ներուժը համապարփակ գնահատելու, ստարտափներին սեփական պրոդուկտի մասին գնահատական տալու, ուժեղ և թույլ կողմերը նշելու և շուկայում ուղղորդելու, ներդրողներին ստարտափի մասին ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու նպատակով ստեղծվել է Orion Score ստարտափների գնահատման համակարգը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Orion Score-ի համահիմնադիրներ, Orion Worldwide Innovations ընկերության հիմնադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Էմմա Առաքելյանը և Orion Worldwide Innovations Armenia ընկերության համահիմնադիր Դիանա Արզումանյանը նշեցին՝ գնահատման համակարգը հաշվի է առնում ստարտափի արագացված աճի համար էական նշանակություն ունեցող գործոնները:

MXO_5355.JPG (759 KB)

«Orion Worldwide Innovations-ը ստարտափ էկոհամակարգում գործունեություն է իրականացնում արդեն 5 տարի: Աշխատանքի բերումով հաճախ հանդիպում էինք ստարտափների, փորձում օգնել նրանց, հասկանալ իրենց ներուժը, ուժեղ և թույլ կողմերը՝ ներդրողներին ավելի գրավիչ ներկայանալու համար: Այն շատ աշխատատար և երկար գործընթաց է, որի համար էլ փորձեցինք ավտոմատացնել ստարտափների գնահատման չափանիշների գնահատումը՝ հնարավոր դարձնելով րոպեների ընթացքում 5 խմբի 20 հարցի միջոցով ստանալ ստարտափի վերաբերյալ գնահատական»,- ներկայացրեց ստարտափի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դիանա Արզումանյանը: 

MXO_5386.JPG (596 KB)

Orion Score-ը հիմնադրվել է 2023 թվականին, սակայն դրա ստեղծման գաղափարը հիմնադիրները դեռևս 2022-ին են ունեցել: 

«Աշխարհում ամեն տարի 300 մլն-ից ավելի ստարտափներ են ստեղծվում: Կան  աքսելերատորներ, ինկուբատորներ, որոնք կարողանում են գնահատել ստարտափները, սակայն դրանք արվում են մարդկային գործոնի ներդրմամբ: Մեր համակարգը ստարտափին գնահատում է առանց մարդկային գործոնի կիրառելիության՝ հենված լինելով ալգորիթմների վրա: Ալգորիթմի սխալվելու հավանականությունը ավելի քիչ է, քան մարդունը: Ստարտափները հաճախ չեն պատկերացնում, թե ներդրողներին ինչ է պետք, իսկ մեր հարցերը աշխարհի բոլոր ներդրողների փորձի հիման վրա են ձևակերպված: Ալգորիթմը հնարավորություն է տալիս ավելի պատրաստված լինել շուկա մտնելիս: Սա հիմնականում նախնական գնահատական է»,- հայտնեց համահիմնադիր Էմմա Առաքելյանը:  

MXO_5350.JPG (600 KB)

Ստարտափի համահիմնադիրները նշեցին՝ բոլոր ոլորտները թվայնացման են գնում, այս ոլորտն անմասն մնալ չի կարող: 

«Բանկերն ունեն նույն խնդիրը՝ ինչքան է հաճախորդը վարկունակ․ բանկն այստեղ մեծ ռիսկի հետ է առնչվում: Նույն գործընթացը կատարվում է նաև այս ոլորտում. ներդրողը պետք է հասկանա, թե ստարտափն ինչքանով է կենսունակ՝ նվազեցնելով իր ռիսկերը: Մենք հենց այս խնդիրն ենք լուծում»,- մանրամասնեց Արզումանյանը: 

Orion Score համակարգն արդեն կիրառվում է ամերիկյան հեղինակավոր Jacobs Technion-Cornell Institut-ի կողմից և փորձարկման փուլում է մի շարք VC-ների կողմից: Արդեն 15 ընկերություն օգտվել է հարթակից:

6c71a7db-fd78-4d31-bee3-2f32dc90c4bf.jpg (94 KB)

«Կարևոր է նշել, որ Orion Score-ը միջազգային լուծում է և կարող է կիրառվել աշխարհի բոլոր ստարտափերի կողմից: Կարևոր է նաև, որ այն նախատեսված չէ կոնկրետ ոլորտների համար, կարող են գնահատական ստանալ բոլոր ոլորտների ստարտափները»,- ներկայացրեց Առաքելյանը:  

Orion Score-ից տեղեկացրին՝ ակտիվ կապի մեջ են և՛ ստարտափների, և՛ ներդրողների, և՛ վենչուրային ֆոնդերի հետ՝ ձեռքը էկոհամակարգի զարկերակին պահելու համար: Հաշվի են առնում ոլորտում կատարվող փոփոխությունները, նոր տենդենցները: Նրանց համոզմամբ՝ հարթակը ճկուն է բոլոր փոփոխությունների նկատմամբ: 

«Մենք նպատակ ունենք անել այնպես, որ ոչ մի լավ գաղափար չկորչի շուկայում, որպեսզի ստարտափները կարողանան իրենք իրենց գնահատելով՝ ավելի պատրաստ լինել և՛ ներդրողների համար, և՛ շուկայում ճիշտ կողմնորոշվելու առումով: Ստարտափները մտածում են, որ միայն լավ պրոդուկտ ունենալը բավարար է շուկայում ամուր հիմքեր ստեղծելու, ներդրողներին հետաքրքրելու համար, բայց դա այդպես չէ: Հարթակի հարցերը կօգնեն ստարտափներին պատրաստվել մինչև շուկա դուրս գալը»,- հավելեց Առաքելյանը:  

Ընկերությունից տեղեկացրին, որ ունեն առաջիկա 3 տարիների ճանապարհային քարտեզը՝ լավարկվելու, հարթակում նոր հնարավորություններ ավելացնելու համար: Իսկ իրենց տեսլականը ստարտափների միասնական գնահատման համակարգ ստեղծելն է: 

Կարինե Տերտերյան 

Նկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am