Շոյգուն Թուրքիայի ՊՆ-ին փոխանցել է մտահոգությունը ԼՂ գոտի ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ

Armenpress 13:42, 13 Հոկտեմբեր, 2020

ՄՈՍԿՎԱ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկություններով:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար հատկապես մտահոգիչ են ստացվող տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տարվում  Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալներ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում՝ ընդգծելով, որ այդ անհանգստությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին՝  հոկտեմբերի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ: ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ: Այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ՌԴ ՊՆ-ի հավաստիացմամբ, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am