Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Քիչ առաջ Լիբանանում Հայաստանի դեսպանությունից փոխանցեցին, որ զոհված հայերի թիվը հասել է 13-ի»,- ասաց Նաղդալյանը:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 154-ը, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի:
Երեւանից օգոստոսի 8-ի երեկոյան տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում