Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Առնո Բաբաջանյանին նվիրված համերգին Սիմֆոնիկ նվագախումբը հնչեցրեց կոմպոզիտորի լավագույն գործերը

Առնո Բաբաջանյանին նվիրված համերգին Սիմֆոնիկ նվագախումբը հնչեցրեց 
կոմպոզիտորի լավագույն գործերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգին կատարեց հեղինակի սիրված մի շարք ստեղծագործություններ՝ բավականություն պատճառելով հանդիսատեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հերոսական բալլադ» խորագրով երեկոն տեղի ունեցավ մարտի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը ղեկավարեց Սիմֆոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, հետևելով իրենց հիմնական առաքելությանը, այն է՝ ներկայացնել հայ կոմպոզիտորական և հայ կատարողական արվեստը Հայաստանում և արտերկրում, նախաձեռնել են այս կարևոր համերգը: «Այս տարի հոբելյանները շատ են, բայց առաջին նշանակալի համերգը Բաբաջանյանին ենք նվիրել: Ներկայացնելու ենք կոմպոզիտորի բազմաժանր գործերը՝ դասական, էստրադային ստեղծագործությունները, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Համերգին հնչելու են Բաբաջանյանի դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունները, որոնք այս ֆորմատով՝ դաշնամուրի և նվագախմբի կատարմամբ առաջին անգամ են կատարվում»,-շեշտեց Բալբաբյանը:

Խորհրդանշական համերգին որպես մենակատարներ ելույթ ունեցան  դաշնակահար Ալեքսանդր Գինդին, սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, բարիտոններ Գևորգ Հակոբյանն ու Իլյա Կուզմինը:

Սիրանուշ Գասպարյանի խոսքով՝ Բաբաջանյանը դասական երգչուհիների համար շատ քիչ գործեր է գրել: Եզակի է Լուսինե Զաքարյանի համար գրված Vokalis-ը: «Որպես ունկնդիր սիրում և վայելում եմ նրա բոլոր ստեղծագործությունները: Մեծ ցանկություն կա նաև կատարելու դրանք, բայց ձևաչափը չի համապատասխանում: Կարծում եմ՝ Առնո Բաբաջանյանը սպասված կոմպոզիտոր է, որը միջազգային սեր է վայելում»,-նշեց օպերային երգչուհին:

Ըստ Ալեքսանդր Գինդինի՝ Բաբաջանյանը հրաշալի կոմպոզիտոր է, զարմանալի, ջերմ երաժիշտ է, փայլուն դաշնակահար: «Ինձ հիացնում է նրա ակադեմիական երաժշտությունը:  Պարզապես նրա կյանքն այնպես դասավորվեց, որ Բաբաջանյանը մեծ տեղ հատկացրեց երգային ժանրին և որպես երգերի հեղինակ դարձավ Խորհրդային Միության մեգաաստղ: Ես մեծացել եմ այդ երգերը լսելով, բայց նրա ակադեմիական գործերն իրապես փայլուն են»,-շեշտեց դաշնակահարն ու հավելեց, որ «Հերոսական բալլադ» ստեղծագործությունը վերջերս է կատարել Տվերում:

Գինդինը կարծում է՝ Բաբաջանյանի տաղանդն անտարբեր չի թողնում ոչ ոքի: Անդրադառնալով Սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը՝ երաժիշտն ասաց, որ առաջին անգամ չէ, որ աշխատում է նվագախմբի հետ: «Առաջին անգամ Երևանում եմ եղել 2001 թվականին: Պարբերաբար այցելում եմ Հայաստան և հասցրել եմ աշխատել Սիմֆոնիկի հետ: Հրաշալի նվագախումբ է,  բարձրակարգ երաժիշտներ են, ամուր, ակտիվ: Մեծ բավականություն է նրանց հետ հանդես գալը»,-եզրափակեց Ալեքսանդր Գինդինը:

Համերգի առաջին հատվածում ներկայացվեցին երաժշտություն «Իմ սիրտը լեռներում է» կինոֆիլմից, «Հորժամ» սոպրանոյի և լարային նվագախմբի համար, «Հերոսական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար գործերը: Երկրորդ մասում հնչեցին «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Ճակատագիր», «Ձմեռային սեր», «Շնորհակալ եմ քեզ», «Քո հետքերը», «Մի շտապիր», «Անուրջներ», «Առաջին սիրո երգը», «Սատանու անիվ» և մի շարք այլ գործեր:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am