Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Հոգին ճանապարհ» ալբոմով դուդուկահար Արսեն Պետրոսյանն աշխարհին կներկայացնի հայկական ծիրանափողը 

«Հոգին ճանապարհ» ալբոմով դուդուկահար Արսեն Պետրոսյանն աշխարհին 
կներկայացնի հայկական ծիրանափողը 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած երիտասարդ լինելուն՝ դուդուկահար Արսեն Պետրոսյանը հասցրել է հայկական ծիրանափողը ներկայացնել ամբողջ աշխարհին՝ կատարելով հայկական ժողովրդական գործեր, որոնք հուզում են և՛ հայերին, և՛ օտարներին:

Մեր մշակութային ժառանգությունը պահպանելու, այն հանրահռչակելու նպատակով երաժիշտն օրերս թողարկել է «Հոգին ճանապարհ» ալբոմը, որում ներառվել է հայկական մշակութային ներկապնակի տարբեր դարաշրջանների 11 ստեղծագործություն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Պետրոսյանն ասում է, որ «Հոգին ճանապարհ»-ը իր երկրորդ սոլո սկավառակն է, որն ստեղծվել է ծավալուն աշխատանքի արդյունքում:

Երաժիշտն ալբոմի առաջարկն ստացել է 2019 թվականին Լոնդոնում կայացած դեբյուտային մենահամերգից հետո: «Ալբոմ թողարկելու գաղափարն առաջարկեց բրիտանական ARC Music հեղինակավոր ընկերությունը, ինչը շատ ոգևորիչ էր. կարող ենք ասել, որ դա խոսում է համերգի հաջողության մասին:  2020-ի ամռանն սկսեցինք աշխատանքները: Սկավառակում ընդգրկված են 18-րդ դարից մինչև մեր օրերի գործեր՝ Բաղդասար Դպիր, Տիգրան Մանսուրյան… Այդ տեղծագործություններում ընդգծվում են հայկական երաժշտության բազմաժանր բովանդակությունն ու առանձնահատկությունները: Զետեղել ենք աշուղական, հոգևոր, ժողովրդական և այլ երաժշտություն»,-պատմում է Պետրոսյանը:

Սկավառակի ձայնագրությունն իրականացվել է Հայաստանում. գործընթացը համընկել է Արցախյան 44-օրյա ծանր պատերազմի հետ, ինչի պատճառով թե՛ Արսենը, թե՛ նրան նվագակցող երաժիշտները շատ ընկճվել են, բայց ժամեր են անցկացրել ստուդիայում՝ փորձելով ավարտին հասցնել աշխատանքը: Ալբոմը թողարկվել է Լոնդոնում:

«Գիտակցում ենք՝ երբ սկավառակ է թողարկվում, այն մնում է պատմության մեջ, պահպանում է մեր մշակութային ժառանգությունը՝ այն հասանելի դարձնելով ոչ միայն մեզ, այլև աշխարհին, ինչի շնորհիվ առավել զգոն ես լինում, ուշադրություն դարձնում յուրաքանչյուր մանրուքի»,-խոստովանում է դուդուկահարը:

Պետրոսյանը կարծում է՝ դուդուկը գեղեցիկ ձայն, հնչողություն ունի և բնական է, որ այն հաճախ առանց որևէ նվագակցության է ներկայացվում, բայց  այլ երաժշտական գործիքները՝ երկրորդ դուդուկը, հարվածային գործիքները, դհոլը, քանոնը, սանթուրն ու տավիղն առավել գեղեցկացնում են դուդուկի ելևէջները:

Անդրադառնալով ալբոմի հաջողություններին՝ երաժիշտը տեղեկացնում է, որ այն արդեն իսկ միջազգային մեդիադաշտի ուշադրության կենտրոնում է: Սկավառակի  շնորհանդեսը եղել է Իսպանիայի ազգային ռադիոյով և մեծ արձագանք է գտել: Ապրիլին այն լսումների թվով առաջատար է եղել: Սկավառակը ներկայացվել է եվրոպական տարբեր ռադիոկայաններով, երաժիշտը հարցազրույցների միջոցով հանրայնացրել է այն: Թե՛ կայքերը, թե՛ թերթերը մինչ օրս պարբերաբար անդրադառնում են սկավառակին, իսկ Transglobal World Music Chart-ում ձայնասկավառակը երկու ամիս շարունակ լավագույն 20-ում է: Այդ հարթակում քվեարկում են տարբեր երկրներից լավագույն մասնագետները:

Արսեն Պետրոսյանի համոզմամբ՝ արվեստի հիմնական նպատակը պետությունը, ազգը, մշակույթը ներկայացնելն է, իսկ դուդուկը Հայաստանի ձայնն է: Պետրոսյանն ուրախ է, ոգևորված, որ կարողանում է իր ներդրումն ունենալ այդ գործում:

Դուդուկահարը պատմում է, որ գործիքի հանդեպ սերը ժառանգել է տատիկի հորից, որը դուդուկահար է եղել: «Իմ ընտանիքում ժողովրդական երաժշտությունը միշտ սիրված ու հարգված է եղել: Երբ ծնողներս նկատել են, որ անտարբեր չեմ երաժշտության հանդեպ, հետաքրքրված եմ, ինձ տարել են երաժշտական դպրոց: Վեց տարեկանում շվի նվագել եմ սովորել, հետո՝ դուդուկ: Բարդ ճանապարհ է, բայց գիտակցաբար եմ ընտրել այս ուղին: 14 տարեկան էի, երբ ներկայացա համերգով, հետո շրջագայությունների մեկնեցի ԱՄՆ և Կանադա: Վերադառնալուց հետո մեծ ոգևորություն էի ապրում: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ դժվար ճանապարհ է, որն ուզում եմ անցնել»,-շեշտում է Արսենն ու հավելում, որ հիասթափություններից չի կոտրվում, շատ է աշխատում, փորձում առաջ նայել և այդ նպատակով հուլիսին համերգներով ներկայանալու է Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Չեխիայում: Հնարավոր է՝ ելույթ ունենա Հայաստանում, որի հանդիսատեսին շատ խստապահանջ է համարում:

Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994 թվականին Չարենցավանում: Արսենն ակտիվ միջազգային գործունեություն է ծավալում՝ հետևելով դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի և իր ուսուցիչ Գևորգ Դաբաղյանի խորհուրդներին։ Երաժիշտն ուղի է հարթել ամենատարբեր համագործակցությունների միջոցով՝ աշխատելով լեգենդար ռոք կիթառահար Սթիվ Հաքեթի, կոմպոզիտոր Իհաբ Դարվիշի, ուդահար Օմար Բաշիրի ու այլոց հետ։

Արսեն Պետրոսյանը համերգներով հանդես է եկել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։

Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։  Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։ 

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am