Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ. ռոք-երաժիշտները հանուն քաղցկեղ ունեցող երեխաների բուժման

Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ. ռոք-երաժիշտները հանուն քաղցկեղ ունեցող 
երեխաների բուժման

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղը դատավճիռ չէ, այն չպետք է ստիպի մարդուն՝ առավել ևս նոր կյանք մտնող երեխաներին դադարել ապրել լիարժեք, երազել ու իրականացնել իրենց ծրագրերն ու նպատակները։ Այս բարդ ու թանկ բուժում պահանջող հիվանդության ճանապարհին միշտ անհրաժեշտ են ուշադրություն, սեր ու աջակցություն։ Հենց այս նպատակով էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էին «Լավ, էլի», «The Beautified Project», «Նեմրա» սիրված ռոք խմբերը՝ հանուն քաղցկեղ ունեցող երեխաների։ Նրանք կատարեցին սիրված երգեր:

«City Of Smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ շատ յուրահատուկ ու ջերմ համերգ էր։  «Ես կարծում եմ, որ շատ ջերմ և հաճելի տպավորություններ ստացան բոլորը, քանի որ ընդհանուր ծրագիրը շատ հուզիչ էր, երաժիշտները չտեսնված նվագեցին, և երգերն էլ էին ճիշտ ընտրված։ Անչափ շնորհակալ ենք «Լավ, էլի», «The Beautified Project», «Նեմրա» խմբերին, մեր բոլոր աջակիցներին և, իհարկե, հանդիսատեսին, քանի որ դահլիճը լեփ-լեցուն էր։ Ես հուսով եմ, որ նման ծրագրերը կնպաստեն հասարակությանը էլ ավելի ներգրավելու բարեգործության մեջ, երբ բարեգործությունը լինում է նաև հաճելի, այն արդեն դառնում է ավելի հեշտ՝ քո կյանքի մի մասը։ Նման նախաձեռնությունների միջոցով մենք ցանկանում ենք նաև հասարակությանը ծանոթացնել մեր գործունեությանը, որպեսզի մարդիկ հասկանան հիմնադրամի գործունեության կարևորությունը»,- ասաց նա։

Գրեթե չորս տարի դադարից հետո առաջին անգամ բեմում էին «The Beautified Project» ռոք խմբի տղաները։

«The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը նշեց, որ շատ կարոտել էին բեմն ու իրենց հանդիսատեսին։ «Հուզված էի 2006 թվականի նման, երբ առաջին անգամ բեմ բարձրացա, ձեռքերս դողում էին։ Խմբով որոշել էինք, եթե միավորվենք, պետք է ինչ-որ ակումբից սկսենք, որ մի քիչ փորձ լինի, բայց «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մեզ միանգամից բերեց շատ պարտավորեցնող բեմ։ Իրականում այս չորս տարիների ընթացքում համերգների առաջարկներ շատ են եղել, բայց հիմնադրամի առաջարկը պարտավորեցնող էր, և մենք միանգամից համաձայնվեցինք»։

«Նեմրա» խմբի մենակատար Վան Նեմրայի խոսքով՝ շատ հաճելի էր բեմը կիսել հենց «Լավ, էլի» և «The Beautified Project» խմբերի հետ։ «Այսպիսի հանդիսատեսի համար ելույթ ունենալը միշտ հաճելի է։ Իսկ նման կարևոր առաքելության համար ելույթ ունենալն էլ շատ պարտավորեցնող էր, մեր խումբը ստեղծման օրից  անընդհատ մասնակցել է բարեգործական նախաձեռնությունների։ Կարծում եմ, նման համերգներն ու միջոցառումները պետք է շատ լինեն, որպեսզի ավելի մեծ լսարանի տեղեկացնենք նմանատիպ խնդիրների մասին, որպեսզի հիվանդություն ունեցողները զգան, որ մնացած մարդիկ իրենց կողքին են»։

Ինչպես խոստացել էին կազմակերպիչները, համերգի ընթացքում եղավ անակնկալ՝ բեմում էր քաղցկեղը հաղթահարած Արկադի Մելքոնյանը։

«Ես Արկադին եմ և երկու տարի առաջ հաղթահարել եմ քաղցկեղը։ Երբ բուժվում էի, ունեի մի երազանք՝ շուտ առողջանալ, իմ բժիշկների և իմ սիրելի  «City Of Smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի շնորհիվ ես առողջացա։ Այսօր Ժպիտների քաղաք հիմնադրամը իրականացնում է իմ երկրորդ երազանքը, ես դուետով կերգեմ իմ սիրելի խմբի՝ «The Beautified Project»-ի հետ մեկ բեմում»,-ասաց Արկադին։ Նա բոլորին խորհուրդ տվեց հավատալ սեփական ուժերին և չդադարել երազել։

Եվ վերջում բոլորս միշտ պետք է հիշենք «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի կարևոր կարգախոսը. «Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ»:

 Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]