Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Podcast. մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը

Podcast. մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։ Այս տարի ծրագրին կարող է մասնակցել 30 երիտասարդ տարբեր երկրներից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշեց, որ ծրագիրը մեկնարկում է արդեն 4-րդ անգամ և տարեցտարի մասնակցության դիմում-հայտերի քանակը գերազանցում է նախորդ տարվա տվյալներին։

«Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը»։

Անդրադառնալով նախկին մասնակիցների գործունեությանը՝ ծրագրի ղեկավարը նշեց, որ 60 երիտասարդ արդեն մասնակցել է և ծրագրի ավարտից հետո էլ մշտապես կապի մեջ է գրասենյակի հետ։

MXO_4630.JPG (532 KB)

«Ծրագրին կարող է մասնակցել 20-35 սփյուռքահայ երիտասարդ։ Կարևոր է, որ տիրապետեն հայերենին, քանի որ ծրագիրն անց է կացվում հայերենով, գոնե 5 տարի բնակվեն սփյուռքում։ Այս  տարի  հնարավորություն կտրվի մասնակցել ոչ միայն իրենց համայնքներում ակտիվ գործունեությամբ զբաղվող  երիտասարդներին, այլև՝ սկսնակներին։

Ծրագիրը մեկամյա է, ընդգրկում է 2024 թվականի սեպտեմբեր- 2025 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` 2024 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը, մնացած ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում: Ծրագիրն  ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ, ՀՀ մարզեր»,- նշեց Գրետա Մնացականյանը։

2023-2024 թթ մասնակից Արգինե Բադալյանն, ով Գերմանիայի Կոբլենց քաղաքից է, զրույցի ընթացքում նշեց, որ Գերմանիայի տարբեր քաղաքների նախկին և ներկա մասնակիցների հետ ձևավորվել են միջհամայնքային սերտ կապեր։

«Կոբլենցի «Մոնթե» հայկական կրթօջախի հիմնադիրն եմ, զբաղվում եմ ակտիվ համայնքային գործունեությամբ։ Ծրագրին դիմելու  նպատակս մեկն էր՝ ներդրում ունենալ Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք  հարաբերությունների զարգացման գործին։ Գերմանիայում  գործում է 16 եկեղեցական համայնք, 70 միություն,  և մշտապես բոլորս սերտ քննարկումների և ծրագրերի կազմակերպման ակտիվ փուլի մեջ ենք։ 

Ծրագրի հայաստանյան փուլը  հագեցած և բացահայտումներով լի  երկու շաբաթներն էին։ Տարբեր երկրների մասնակիցների հետ եղել է փորձի փոխանակում: Հետաքրքիր էին այցերը մարզեր, որի ընթացքում փորձում էինք հասկանալ՝ երիտասարդներն իրենց համայնքներում ինչո՞վ են զբաղվում։ Հայաստանյան փուլից հետո, վերադառնալով մեր համայնքներ, սկսեցինք ձեռք բերած  հմտությունները կիրառել տեղում։ 

Լինելով ծրագրի մասնակից, հորդորում եմ սփյուռքահայ այն երիտասարդներին, ովքեր զբաղվում են կամ մտադիր են զբաղվել համայնքային ակտիվ գործունեությամբ, անպայման մասնակցել այս ծրագրին, քանի որ շատ մեծ փորձ և հնարավորություն է պետական գերատեսչությունների հետ տեղում կապեր ձևավորելու, ուսուցման , մարդկային կարևոր որակներ ձևավորելու, հմտությունների ձեռք բերման և սեփական ուժերը փորձելու տեսանկյունից»,-հավելեց Արգինեն։

Տաթև Զաքարյան

Զրույցի մանրամասները լսեք Podcast-ում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am