«Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 83 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:
Հանձնաժողովը կղեկավարի «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:
«Պետք է արձանագրել, որ անհրաժեշտ է այս համահայկական, կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը բերել հավուր պատշաճի: Մեր գլխավոր խնդիրը լինելու է բացահայտել, եթե եղել ե՞ն ապօրինություններ, անօրինականություններ, մեղավորներին առաջադրել պատասխանատվություն, վերականգնել միջոցները ու, որ հայ ժողովրդի մոտ վերականգնվի Հայաստանի, Արցախի ու հայոց պետականության նկատմամբ այս կարևոր գործիքի նկատմամբ վստահությունը»,-ասաց Մինասյանը:
Նա վստահեցրեց, որ քննությունը լինելու է օբյեկտիվ, համակողմանի, ամբողջական ու այդ քննության արդյունքում վեր են հանվելու բոլոր կնճռոտ հարցերը:
ՔՊ-ից Նազելի Բաղդասարյանն էլ շեշտեց. «Իրապես ցանկացած խնդիր, որը հանրության ուշադրության դաշտում է, պետք է պարզ ու թափանցիկ կերպով քննվի: Եվ, եթե կան որոշակի հարցեր, դրանց պետք է տրվեն պատասխաններ: Մենք ունենք բավարար քաղաքական կամք՝ ցանկացած հարցին տալ սպառիչ պատասխաններ, բայց այդ ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի, օբյեկտիվ քննության դաշտում»:
Նա վստահեցրեց, որ այդ հանձնաժողովն իր բովանդակությամբ պետք է արտացոլի քննիչ հանձնաժողովի բոլոր գործառույթները՝ միաժամանակ խորհուրդ տալով ընդդիմադիրներին զերծ մնալ քաղաքական երանգներից:
Ի սկզբանե ընդդիմությունն առաջարկել էր, որ հանձնաժողովն ունենա 10 անդամ, սակայն իշխանության առաջարկով ընդունվեց 11 անդամ ունենալու տարբերակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում