Երևանի ռուսական թատրոնի խաղացանկը կհամալրվի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացմամբ
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա ճապոնացի դրամատուրգ Կոկի Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով և Դմիտրի Լեբեդևի թարգմանությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնախաղերը կկայանան նոյեմբերի 6-ին, 14-ին և 27-ին:
«Ի՞նչ ընդհանրություն կա մեր և ճապոնացի դրամատուրգ Կոկի Միտանիի միջև: Գուցե սե՞րը Շեքսպիրի, Չեխովի հանդեպ: Սերը պարադոքսի՞, հոգեբանական թատրոնի՞ հանդեպ։ Այո´, «Ծիծաղի ակադեմիա» պիեսը սիրո խոստովանություն է թատրոնին: Առհասարակ, սիրո խոստովանություն է»,- այդպես է բնութագրում Միտանիի գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը:
Երկու կերպար՝ հեղինակը և գրաքննիչը: Երկու հակադրություն, որ միավորվել են, որպեսզի անլուծելի հակասություններից սիրով ու տառապանքով ստեղծեն թատրոնի հրաշքը։
Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանն ու Միշա Հակոբյանը: Ներկայացման բեմանկարիչը Ալլա Նիկոլաևան (Մոսկվա) է, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում