Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է

Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է. այժմ Սյունիքի մյուս բնակավայրերն իրար կապող այլընտրանքային գրունտային ճանպարհներն են կարգի բերվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ կառավարությունը։

 

ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ 7 ճանապարհահատվածում իրականացվում են աշխատանքներ: Դրանցից մեկը՝ Տաթև-Աղվանի ճանապարհն ավարտված է, այն արդեն երթևեկելի է:

«Նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե թերություններ լինեն, ապա կշտկենք ու երրորդ շերտը կտեղադրվի: Մյուս 6 ճանապարհահատվածում հիմա աշխատանքներ են ընթանում: Դրանցից մեկը Քաշունի-Բարսավան ճանապարհն է, որ 9.5 կմ է: Ճանապարհի մի մասի՝ մոտ 3.5-4 կմ հատվածում արդեն ամբողջությամբ հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման, ճանապարհային անցանելիության կարգավորման, խճապատման աշխատանքները»,-ասել էր նախարարը:

Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է: Նախարարը տեղեկացրել է, որ մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան, բայց աշխատանքները շարունակվում են: Գնել Սանոսյանը հավելել է, որ Շուռնուխ գյուղն ունի առնվազն երկու ճանապարհ: Մեկը Խոտ- Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, բնակիչները նորմալ կարող են երթևեկել, մյուսը Շուռնուխ-Բարձրավան ճանապարհն է:

Աշխատանքներ իրականացվում են Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ  հատվածում: Այդտեղ արդեն 5 կմ-ը երթևեկության համար պատրաստ է, մյուս 5 կմ-ի վրա նորից իրականցվում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ:

«Երկու ճանապարհահատվածին անդրադառնամ, որոնք Կապան-Ճակատեն և Կապան-Գեղանուշ- Ճակատեն ուղղություններով են: Օրեր առաջ սկսվել են Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները: Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը:  Ասեմ, որ շարունակվում են Տաթև-Լծեն 19.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի աշխատանքները: Այս պահին 6.5 կմ աշխատանքներ իրականացվել են: Երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքները ավարտվել են»,- ասել է նա:  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեպի գյուղեր տանող ուղղություններով օր առաջ պետք է ունենալ գրունտային վիճակում գտնվող ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար ու բոլոր եղանակների ժամանակ: Նրա խոսքով, նշված ճանապարհները 2022 թվականին ամբողջությամբ կասֆալտապատվեն:

Նիկոլ Փաշինյանը խնդրել է Գնել Սանոսյանին անդրադառնալ սոցիալական ցանցում, մամուլում առկա այն պնդումներին, թե Սյունիքի մարզում կան շրջափակված գյուղեր:

«Ասեմ, որ և՛ Որոտանը, և՛ Շուռնուխը, և՛ Պարզավանն ունեն ճանապարհներ: Գլխավոր դժվարությունը Ճակատենից  հարավ ընկած գյուղերի հետ է կապված: Առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, լոգիստիկան ավելի մատչելի կդառնա»,- նշել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այդ գյուղերը նաև դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն:

«Եվ այդտեղ ճանապարհի կարճության մասին է, որևէ կենսապահովման խնդիր չկա, այլ ենթակառուցվածքի հարմարության մասին է խոսքը: Այս օրերին համայնքները լրացուցիչ աջակցություն են ստանում, որ լոգիստիկ բարդություններով պայմանավորված խնդիրներ չունենան»,-հավելեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am