Մատաղիսում որոնողական աշխատանքների արդյունքում hայտնաբերվել է 1 աճյուն
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Արցախի հյուսիսարևելյան թևում` Մատաղիսի ուղղությամբ:
Հայտնաբերվել է ևս 1 աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ-ը:
Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում