Ֆրանսահայ արտիստ Ռոդոլֆ Բարսիկյանը Մայր թատրոնում ներկայանում է «Թվային կյանք» խորագրով ցուցահանդեսով
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ֆրանսահայ արտիստ Ռոդոլֆ Բարսիկյանի «Թվային կյանք» խորագրով նոր ժանրային ցուցահանդեսի բացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թվային աշխատանքների ցուցադրությունը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը։
Արտիստը ծնվել է Ֆրանսիայում և այնտեղ է ապրում արդեն 44 տարի։ Ծնողները հայ են։ Իր խոսքով՝ Հայաստան է այցելել անցյալ տարի՝ զգալու իր հայրենի հողի բույրը և ոգեշնչվելու դրանից։ «Ես շատ կցանկանայի Հայաստանում ապրել։ Պետք է խոստովանեմ, որ ես առաջին հայացքից սիրահարվել եմ այս երկրին։ Միակ խնդիրը հաղորդակցվելս է․ ամեն ինչ կտայի՝ միայն թե այս ամենը հիմա մայրենի լեզվովս ասեի»,- ընդգծեց Բարսիկյանը։
Գրաֆիկ-դիզայները պնդում է՝ հայ երիտասարդները շատ հետաքրքրված են ոլորտով։ Զարմանում է նրանց զարգացած և տեղեկացված լինելուց։ Կարծում է, որ թվային հարթակում այսպիսի ցուցադրությունը հնարավորություն կտա մեծ նախագծերի շրջանակներում համագործակցել և զարգացնել այս ոլորտը Հայաստանում։ «Թվային արվեստը շատ առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն կարողանում ես հույզերը հարուստ գույներով և ձևերով արտահայտել, այլև կարողանում ես անիմացիայի միջոցով ցույց տալ, թե ինչպես է արվեստը ստեղծվում, կառուցվում, ամբողջանում»,- ավելացրեց նա։
Ռոդոլֆ Բարսիկյանը վստահեցրեց՝ այս ցուցադրությունով չի սահմանափակվելու։ Նշեց, որ այս մեկը փորձնական ցուցադրություն է համարում։ «Ունեմ շատ ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կուզեմ ցուցադրել։ Բայց սրանք հենց այստեղ ցուցադրելու համար եմ ստեղծել»,- հավելեց արտիստը։
Իր խոսքով՝ Հայաստանի հետ կապը չկորցնելու համար որոշ նմուշներ հենց հայկական քարից և հայկական մոտիվներով է ստեղծել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում