Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր

Ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ստորագրվել է 
կառավարության աջակցության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև նոյեմբերի 26-ին ստորագրվել է կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, մանրամասնելով, որ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին։

Նշվում է, որ Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի կապակցությամբ ներդրողի կողմից պայմանագրի շրջանակներում ներկայացվել են երաշխիքներ: Համաձայնագրով սահմանվել են ծրագրի իրականացման ամբողջական պայմանները և կառուցվածքը: Մասդար ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթողն էր ճանաչվել այս տարվա հուլիսին, ներկայացրել է 0,0290 ԱՄՆ դոլար սակագին մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն ԱՄՆ դոլար։

Ծրագրի շրջանակներում կառուցվելիք արևային կայանը կլինի խոշորագույնը Հայաստանում։

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ահլամ Ալ Սալամին, ՀՀ-ում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային Բանկի գրասենյակների ներկայացուցիչներ։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր խոսքում ընդգծել է, որ վերականգնվող էներգիայի ծավալի աստիճանական ավելացումը մեր էներգետիկ համակարգում ՀՀ կառավարության կարեւոր թիրախներից մեկն է։ «Մասդարի հետ այս համագործակցությունը ոչ միայն այդ, այլեւ Հայաստանի ներդրումային պոտենցիալի ընդլայնման ուղղությամբ կարեւոր քայլ է։ Այդ տեսանկյունից նշանակալի է Մասդար ընկերության կողմից Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ Այգ -1 արևային կայանի կառուցումը: Ակնկալում ենք, որ այս փաստաթղթի ստորագրմամբ համատեղ երկարատ աշխատանքի սկիզբ կդրվի և նոր ծրագրեր կիրականացվեն»,-ասել է նախարարը։

Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին ասել է. «Այս համաձայնագիրը կարևոր իրադարձություն է Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման ճանապարհին, և այս նախագծի զարգացումը կաջակցի երկրի կայուն տնտեսական զարգացմանը: Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ, և մենք անհամբեր սպասում ենք ԱՆԻՖ-ի հետ այս ոլորտում հետագա հնարավորությունների շուրջ աշխատելու ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք ներդնել այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել որպես վերականգնվող էներգիայի նախագծերի համաշխարհային առաջատար՝ աջակցելով Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»:

ԱՆԻՖ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ Մասդարը Հայաստանի էներգամատակարգի աստիճանական դեկարբոնիզացիայի ճանապարհին կարեւոր գործընկեր է: ««ԱՅԳ-1»-ը հավակնոտ քայլ է այս նպատակի իրագործման ուղղությամբ, և Մասդարի փորձն ու կարողությունները ոլորտում՝ ծրագրի հաջողության գրավականն են: «ԱՅԳ 1»-ը դառնալու է առավել տեսանելի ներդրումային ծրագրերից մեկը, որից շահելու են պետությունը, քաղաքացիները եւ ներդրողը՝ միաժամանակ ներդնելով ոլորտում կայունության ամենաբարձր չափանիշները»,-ասել է նա:

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ահլամ Ալ Սալամին իր հերթին նշել է, որ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև կայուն համագործակցության ամրապնդմանը։ Դեսպանը հույս է հայտնել, որ այս խոշորագույն ծրագրի բարեհաջող իրականացումը նորանոր հնարավորություններ կբացի ԱՄԷ-ից Հայաստան նոր ներդրումների համար։

«Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է Մասդար ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am