Իրանի նախագահն ընդունել է Ադրբեջանի ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 26-ին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Կողմերը հանդիպմանը գոհունակություն են արտահայտել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում իրենց երկրների միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Իրանում տեղի է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:
Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 25-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ադրբեջանի ՊՆ նախարարի նախատեսվող այցից օրեր առաջ Բաքուն և Թեհրանը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր: Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Աշտիանիի հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում