Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Նոր գիրք»-3/22. Մահարի, Քոնան Դոյլ, 365 հեքիաթ

«Նոր գիրք»-3/22. Մահարի, Քոնան Դոյլ, 365 հեքիաթ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ
Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր»

 

Գրքերը նույնպես ունեն իրենց ճակատագիրը: «Ծաղկած փշալարեր» վիպերգի ճակատագիրը բնորոշ էր համայնավար երկդիմի գաղափարախոսության և սոցիալիստական ռեալիզմի կաղապարներին պահպանվող խորհրդային գրահրատարակչության համար: Մի կողմից կուսակցական համագումարների բարձր ամբիոններից քննադատվում էր Ստալինի պաշտամունքը և բացահայտվում էին զանգվածային բռնադատությունները, իսկ մյուսից՝ սահմանափակվում այդ հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորումը: Դա էր պատճառը, որ 1965 թվին գրված վիպերգը լույս տեսավ միայն քառորդ դար անց՝ գորբաչովյան վերակառուցման տարիներին, և կարճ ժամանակից դարձավ ընթերցողների սեղանի գրքերից մեկը:
Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ և վերջաբանով: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն
Սըր Արթուր Քոնան Դոյլ, Շերլոք Հոլմս. «Արնագույն գործը», «Չորսի նշանը»

«Արնագույն գործը» ու «Չորսի նշանը» ստեղծագործությունները նշանավոր խուզարկուի մասին պատմող առաջին երկու գործերն են՝ լույս տեսած համապատասխանաբար 1887 և 1890 թթ.-ին:
«Արնագույն գործը» վիպակում առաջին անգամ ծանոթանում ենք Շերլոք Հոլմսի մեթոդին, ականատես դառնում նրա և իր հավատարիմ ընկերոջ ու կենսագրի՝ բժիշկ Ջոն Ուոթսոնի հանդիպմանը. վերջինիս անունից էլ ներկայացված է ստեղծագործությունների մեծամասնությունը:
Սակայն Հոլմսի իրական հաջողության պատմությունը սկսվեց «Չորսի նշանը» վիպակի հրատարակումից հետո: Վիպակի սյուժեն մշտապես լարվածության մեջ է պահում ընթերցողին՝ իր անսպասելի շրջադարձերով ու խորհրդավոր դեպքերի շարքի հետաքրքիր հանգուցալուծմամբ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն
«365 հեքիաթ ամեն օր մի պատմություն»

«Դիսնեյի» բոլոր սիրված հեքիաթները մեկտեղված են այս գրքում: «365 հեքիաթ․ ամեն օր մի պատմություն» ժողովածուն բաղկացած է տարվա ամեն օրվա համար նախատեսված 365 հեքիաթներից:

Այստեղ են Մոխրոտիկն ու Սպիտակաձյունիկը, Ռապունցելն ու Զընգ-զընգը, Միքի Մաուսն ու Ռոբին Հուդը և նույնիսկ Մայքն ու Սալին՝ Մոնստրների կորպորացիայից: «Դիսնեյի» սիրված հեքիաթներն ու պատմությունները շարադրված են այնպես, որ փոքրիկները չկորցնեն հետաքրքրությունն ու ամեն օր սպասեն նոր հեքիաթի՝ իմանալու, թե ինչ եղան իրենց սիրած հերոսները: Պատկերազարդ էջերով, գեղեցիկ և ուռուցիկ շապիկով այս գիրքը լույս է ընծայվել «ԴաՎինչի» հրատարակչության կողմից, թարգմանիչ՝ Աննա Կարապետյան։

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am