Podcast-100 գաղափար. մասնագետներն առաջարկում են նոր զրահաբաճկոն՝ առավելագույն պաշտպանությամբ, թեթև և մի քանի անգամ ավելի մատչելի
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ զարգացող աշխարհում ժամանակակից սպառազինությամբ զինված բանակ ունենալը դարձել է առաջնային կարևորության հարց: Գիտությունը շատ արագ տեմպերով առաջ է գնում` օր-օրի առաջարկելով նոր գաղափարներ ու նախագծեր, որոնք իրենց արդյունավետությամբ հնարավորություն կտան մարդկային կորուստները հասցնել նվազագույնի:
Նման նոր գաղափարի շուրջ «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք տեխնիկական գիտությունների ոլորտում նոր ձեռքբերման՝ գերկարծր նանոհատիկային նյութերից կոմպոզիտային զրահաբաճկոնների ստեղծման մասին, որի հեղինակներն են «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթողներ Դավիթ Դավթյանը, Ռաման Մնացականյանը և Արթուր Աղոյանը:
Նախագծի համահեղինակ Դավիթ Դավթյանը նշեց, որ ծառայելու ընթացքում, ինչպես նաև պատերազմի ժամանակ զրահաբաճկոնների ծանրությունն ու անհարմարությունը իրենց վրա զգալը դրդել է անմիջապես մտածել ծրագրի շուրջ: Ստանալով նոր նյութերի տվյալները՝ սկսել են այդ ուղղությամբ հաշվարկները և նախնական տարբերակի մշակումը:
«Զրահաբաճկոններից խոսելիս պետք է հիշել առաջնային երեք կարևոր կետերը. առաջինը՝ կիրառման տեսակետից պետք է համապատասխանի պահանջներին, երկրորդ՝ պետք է դրա քաշը փոքր լինի և երրորդ պետք է լինի ուշ փչացող և անջրաթափանց: Այն նյութերը, որոնք մենք պատրաստվում ենք օգտագործել զրահաբաճկոնի մեջ ու այն կոմպոզիտը, որը մենք պատրաստելու ենք, ենթադրում է առաջին հերթին երկարատևություն: Այսինքն, մինչև հիմա շուկայում առկա զրահաբաճկոնները 5 տարի կամ մի քիչ ավելի օգտագործելի են: Մեր առաջարկած տարբերակի դեպքում կլինի 10 և ավելի տարի: Քաշի մասին խոսելիս էլ կարող եմ ասել, որ այս պահին մեր բանակում կիրառվող զրահաբաճկոններն ամբողջական պաշտպանության դեպքում կշռում են մինչև 5 կիլոգրամ, իսկ մեր առաջարկած տարբերակը առավելագույն պաշտպանություն ապահովելու դեպքում կշռելու է մինչև 2 կիլոգրամ: Ինչ վերաբերում է արժեքին, նախ ասեմ, որ այն համապատասխանելու է միջազգային չորրորդ դասի զրահաբաճկոններին, և մենք մի քանի հազար դոլարի փոխարեն կառաջարկենք մինչև 400 դոլար գին»,-ասաց Դավիթ Դավթյանը:
Մասնագետների խոսքով՝ միջազգային շուկան ուսումնասիրելուց հետո կարելի է ասել, որ այնտեղ մրցունակ լինելու համար պետք է համապատասխանել մի շարք պարամետրերի: Նոր մեթոդներով լուծումը՝ սուպերկարծր նյութերի կիրառումը, որը իրենք առաջարկում են, հնարավորություն կտա դուրս գալ միջազգային շուկա, քանի որ այն տալու է առավելագույն արդյունք այս պահին առկա տարբերակների հետ համեմատած:
Նախագծի համահեղինակ Արթուր Աղոյանը շեշտեց, որ առավել կարևոր է ստեղծել գիտություն-արտադրություն-համալսարաններ համագործակցության շղթա: «Սա մոդել է , որը աշխարհում արդեն վաղուց կիրառվում է, պետք է պարզապես օգտվել այդ մեխանիզմներից, մանավանդ որ նախագծում գիտական մասով բավական լուրջ աշխատանքներ արդեն արված են, և միջազգային մեր գործընկերներից մի շարք դրական արձագանքներ ունենք»,- ասաց Արթուր Աղոյանը:
Գայանե Գաբոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում