Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ղարաբաղյան շարժումը շրջադարձային էր հայ ժողովրդի պատմության համար. վարչապետ Փաշինյանի ուղերձը

Ղարաբաղյան շարժումը շրջադարձային էր հայ ժողովրդի պատմության համար. վարչապետ Փաշինյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ Ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանի ուղերձում նշված է. «34 տարի առաջ այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Հայաստանում և Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ էր իր հզորությամբ, խորապես ազգային էր և ժողովրդավարական։

Համաժողովրդական շարժմամբ մեր ժողովուրդը կրկին ցույց տվեց իր միասնությունը, կարևորագույն պահերին որպես մեկ միասնական բռունցք համախմբվելու և վճռականությամբ գործելու կարողությունը՝ հանուն ազգային նպատակների իրականացման:

Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Այսօր մենք հիշում և մեր գլուխները խոնարհում ենք մեր հերոսների՝ Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, վերջին երեք տասնամյակներում հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ:

Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է:  Այսօր մեր քայլերն ուղղված են ոչ միայն արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, այլև Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, այդ իրավունքների միջազգայնորեն արձանագրմանը:   

Համոզված եմ՝ հայ ժողովուրդը շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա՝ հանուն մեր իղձերի ու երազանքների իրականացման: Միայն այդպես կկարողանանք վառ պահել մեր բոլոր հերոս զավակների հիշատակը: Նրանց սերունդների, մեր ընդհանուր Հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը: Այս նպատակների իրացումը պահանջում է հետևողական, շրջահայաց և ազնիվ աշխատանք ու այս աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am