Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Համազգային շահերի հրամայականը պահանջում է ամեն ջանք գործի դնել՝ հանուն հայրենիքի առաջընթացի. ՀՀ նախագահ

Համազգային շահերի հրամայականը պահանջում է ամեն ջանք գործի դնել՝ հանուն հայրենիքի առաջընթացի. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ միասնականությունը կարող են լինել երկրի առջև ծառացած դժվարությունները հաղթհարելու գրավական. Համազգային շահերի հրամակայանը պահանջում է գործի դնել ամեն ջանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատուրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում՝ երդմամբ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր ելույթում:

Նախագահը ընդգծեց՝ անցած 30 և ավելի տարիները մեծ փորձությունների ժամանակաշրջան էին հայ ժողովրդի համար, ցավոք, պետության կայացման այդ շրջանում եղան կորուստներ, անդառնալի կորուստներ: «Խոսքս վերաբերում է հատկապես մարդկային կորուստներին, ՀՀ քաղաքացիներին, որոնք զոհվեցին՝ պահպանելով մեր հայրենիքը: Հավերժ փառք ու պատիվ բոլորին»,-ասաց Խաչատուրյանը:

Ըստ նրա՝ սա մեծ ցավ է բոլորի համար, բայց, մյուս կողմից, պարտադրանք իշխանությանը՝ փոխելու իրավիճակը, համախմբելու ՀՀ քաղաքացիներին, համայն հայությանը, վերականգնելու երկրի տնտեսական հզորությունը, ամրապնդելու անվտանգային համակարգերը և այլն:

Նախագահը 2018-ի թավշյա հեղափոխությունը համարեց արդյունք՝ նոր նպատակների իրականացման մեծ հույսի և ակնկալիքի, որ կար հանրության գերակշող մասի մոտ: «Մինչհեղափոխական շրջանն արդեն հասցրել էր մարդկանց հուսալքել, հիասթափեցնել, հոռետեսության մթնոլորտ ձևավորել: Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների: Եվ դրանք 2018-ի ապրիլին իրականություն դարձան: Սա էլ հերթական նոր փորձություն էր պետության, քաղաքացիների համար, վերջնական նպատակներին հասնելու ճանապարհը դժվար է լինելու, ժամանակ պահանջող, հույսն ու հավատը, սերն ու համբերատարությունը նոր հեղափոխության հաջողությունների գրավականը պետք է լինեն»,- ընդգծեց Խաչատուրյանը:

Նա շեշտեց՝ այսօր էլ՝ աշխարհաքաղաքական վերափոխումների, հետպատերազմյան այս ժամանակաշրջանում, երբ կորոնավիրուսային անորոշությունները դեռ շարունակվում են, և տնտեսական ու սոցիալական դժվարությունները չեն չեզոքացվել, երբ պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, երբ դեռ չեն վերացել նոր բախումների և պատերազմների հնարավորությունները, երբ Արցախի հայրենակիցների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, բոլորին, պետությանը, առավել քան հարկավոր է համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր՝ հայրենիքի, միմյանց նկատմամբ՝ միաբան աշխատելու և նոր Հայաստան կերտելու համար:

ՀՀ նախագահն իրավիճակը փոխելու, նախատեսված հեռանկաարային ծրագրերն իրականացնելու համար կարևորեց իրականության հետ առնչվելու համարձակությունը և պատրաստակամությունը, տարածաշրջանային համագործակցության սահմանների ընդլայնումը, խոչընդոտների վերացումը, սպասվող մարտահրավերներին դիմակայելու հանձնառությունը և պատասխանատվությունը, ապագային միտված ծրագրերի իրականացումը: Ըստ նրա՝ Հայաստանի ապագան պայմանավորված է լինելու մարդկային կարողություններով, գիտելիքով, բարձր տեխնոլոգիական տնտեսությանը միտված մարդկային մտքի, գիտելիքի կիրառմանը նպաստող համապատասխան միջավայրով:  Ապա Խաչատուրյանն ընդգծեց՝ որպես նորընտիր նախագահ՝ գիտակցում է այն պատասխանատվությունը, որը ստանձնում է, այն մարտահրավերները, որ կան և կարող են լինել ՀՀ նախագահի Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններն իրականացնելիս»:

«Համազգային և համապետական շահերի հրամայականը պահանջում է ամեն ջանք գործի դնել՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և հայրենիքի առաջընթացի: Դա էլ իր հերթին նախևառաջ նշանակում է հանրության և համազգային լայն շրջանակների հետ աշխատանք: Առանց դրա հնարավոր չէ գնահատել իրականությունը, երկրի իրական վիճակը, ուղղել բացթողումները և գտնել զարգացման նոր հնարավորություններ: Համոզված եմ, որ այսօր գոյություն ունեցող հիմնախնդիրներից շատերը կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ միասին մենք կարող են բարգավաճել միայն ընդհանուր լավատեսության և հույսի պայմաններում»,- նկատեց ՀՀ նախագահը:

Ըստ նրա՝ միասնությունն ուժի, պատվի և ընդհանուր բարիքի ճանապարհն է:  «Մենք առաջ շարժվելու, այս դժվարությունները հաղթահարելու այլ այլընտրանք չունենք: Մեր միասնությունը, միասնականությունը կարող են դրա գրավականը լինել: Փոքրիկ ժողովուրդները պետք է ավելի նորարար լինեն, ավելի ստեղծագործ: Այս ամենին հնարավոր է հասնել միայն մրցունակ կրթական համակարգով, որը հնարավորություն կտա յուրացնել գործող և ստեղծել նորագույն տեխնոլոգիաներ: Կրթությունը, գիտելիքը, մշակույթը մեր ազգի երկարակեցության գրավականն են եղել: Այս ամենին հասնելու համար մեզ հարկավոր են լայն քննարկումներ և համազգային ներառականություն՝ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների մասնակցությամբ, հստակ տեսիլ, պատկերացումներ, գործունյա պետական ինստիտուտներ և ամուր պետություն, որտեղ մարդը և քաղաքացին կլինեն կենտրոնում, իսկ պետությունը երկրում կստեղծի այնպիսի պայմաններ, որտեղ բոլոր քաղաքացիները կլինեն ազատ, հավասար հնարավորություն կունենան բացահայտելու և զարգացնելու իրենց տաղանդները: Այս ամենի ապահովման և պետական ինստիտուտների սահուն աշխատանքի, ի շահ մեր պետության պետք է լծված լինի նաև ՀՀ նախագահը»,- հայտնեց ՀՀ նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am