Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Podcast-100 գաղափար. դեղագետն առաջարկում է նոր նախագիծ, որը թույլ կտա վերահսկել ՀՀ-ում կենսաբանորեն ակտիվ հավելումների շուկան

Podcast-100 գաղափար. դեղագետն առաջարկում է նոր նախագիծ, որը թույլ կտա 
վերահսկել ՀՀ-ում կենսաբանորեն ակտիվ հավելումների շուկան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանյան շուկայում կենսաբանորեն ակտիվ հավելումները մեծ սպառում ունեն, իսկ դրանք իրենցից որոշակի վտանգներ են ներկայացնում: Այդ վտանգների,  դրանց վերահսկողության բացակայության և վաղ կանխելուն ուղղված նոր նախագծի մասին «Արմենպրես-Պոդքաստ»-ում  խոսել ենք  դեղագետ, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կրտսեր գիտաշխատող և շուկայի զարգացման մասնագետ Մոնիկա Իսրայելյանի հետ:

Դեղագործական ոլորտում նոր նախագիծը կենսաբանական ակտիվ հավելումների և բուսական ծագման դեղապատրաստուկների ստանդարտացման արդյունավետ մեթոդների մշակման և դրանց հենքերի վրա հայալեզու ստանդարտ չափորոշիչ փաստաթղթերի կազմումն է, որի կիրառումը ըստ մասնագետի՝ առողջապահական ոլորտին հնարավորություն կտա ՀՀ-ում կենսաբանորեն ակտիվ հավելումների  (ԿԱՀ) շուկան ամբողջովին վերցնել վերահսկողության տակ:

«Հայաստանյան շուկայում՝ ազգաբնակչության կողմից  կենսաբանորեն ակտիվ հավելումները մեծ սպառում ունեն և լայնորեն  կիրառվում են բժշկության մեջ: Իսկ այդ ակտիվ հավելումները չեն անցնում բոլոր այն անալիտիկ ստուգումները, որոնք անցնում են դեղորայքները, և դրանից բխում են մի շարք վտանգներ:  Շատ ժամանակ լինում են դեպքեր, երբ կենսաբանորեն ակտիվ հավելումներում հայտնաբերվում են չհայտարարագրված քիմիական սինթեզի ճանապարհով ստեղծված նյութեր, որոնք մեծ վնաս կարող են հասցնել օրգանիզմին»,- ասաց նա:

Դեղագետը ներկայացրեց  օրինակ, երբ Հայաստանյան շուկայում առկա «Yong Gang» կենսաբանորեն  ակտիվ հավելման մեջ ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը բացահայտել է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ, մի քանի անգամ գերազանցող չափաբաժնով:

Որից  հետո ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է ընդունել, որ որոշ  ռիսկային խմբի կենսաբանորեն ակտիվ հավելումները պետք է անցնեն որոշակի փորձարկումներ, բայց տվյալ օրենքը նույնպես չի կարողացել ՀՀ-ում ԿԱՀ-ի շուկան ամբողջովին վերցնել վերահսկողության տակ:

«Ծրագրի հաջող իրականացման դեպքում մենք կկարողանանք օժանդակել առողջապահության նախարարությանը, որպեսզի կարողանան կենսաբանական ակտիվ հավելումների և բուսական ծագման դեղապատրաստուկների շուկան ամբողջովին վերցնել վերահսկողության տակ:  Կլինի այնպիսի ստանդարտ չափորոշիչ փաստաթղթերի ստեղծում, որոնք կօգտագործվեն ՀՀ-ում անհրաժեշտ բոլոր ոլորտներում, այսինքն` ոչ թե  կվերցնենք այլ երկրների ստանդարտ չափորոշիչ տեխնիկական փաստաթղթեր և կիրականացնենք փորձարկումները, այլ կունենանք մեր սեփականը»,- ասաց դեղագետը:

Մասնագետը նշեց, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի անալիտիկ քիմիայի լաբորատորիաներում որոշակի փորձարկումներ իրականացրել են, կարելի է ասել  տվյալ ծրագրի 70 տոկոսը գրեթե իրականացված է, բայց քանի որ կենսաբանորեն ակտիվ հավելումները շատ բազմազան են, դրանց համար անհրաժեշտ են տարբեր սարքավորումներ, լուծիչներ, նյութեր, որոնք պետք է ձեռք բերել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավելյալ ֆինանսներ:

 «Պետք է ասեմ, որ նախագիծը առաջին անգամ ներկայացրել ենք «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին և որոշել ենք  փորձել նմանատիպ մրցույթների միջոցով գտնել նախագիծը ֆինանսավորողներ: Այն տարբերվում է նրանով, որ մրցույթի պահանջն էր՝ գտնել Հայաստանում առկա խնդիրներին նորարարական և կրեատիվ լուծումներ: Դեղագործական  ոլորտում էլ իմ կարծիքով, խնդիրը ԿԱՀ-ի վերահսկողության բացակայությունն էր, ինչին էլ ես տվել եմ հետաքրքիր լուծում»,- եզրափակեց Մոնիկա Իսրայելյան:

«100 գաղափար Հայաստանի համար»  մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20  անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ:  2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի  ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում  հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

Գայանե Գաբոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am