Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆինանսների նախարարությունը դրական ազդակ է համարում Fitch-ի կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը

Ֆինանսների նախարարությունը դրական ազդակ է համարում Fitch-ի կողմից 
Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը մարտի 19-ին հրապարակված զեկույցով վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը` կայուն հեռանկարով:

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ «հաշվի առնելով տարածաշրջանային ներկա իրողություններով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը շատ դրական ազդակ է և փաստում է Հայաստանի իշխանություների կողմից վարվող բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը»:

Մասնավորապես, գործակալությունը պարզաբանել է, որ վարկանիշի պահպանումն արտահայտում է նույն գնահատականին արժանացած համադրելի երկրների համեմատությամբ մեկ շնչին ընկնող եկամուտների ամուր մակարդակը, կառավարման և բիզնես միջավայրի լավ ցուցանիշները, իսկ գնահատման հիմքում ընկած են ՀՀ մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության կայուն շրջանակը և բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը:

Գործակալության գնահատմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի տնտեսությունների միջև կարևոր կապերը։ Չնայած դրան՝  գործակալությունը գնահատում է, որ  Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի՝ շոկերին արձագանքելու կարողությունները և ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հնարավորությունները կարող են օգնել Հայաստանին՝ առաջացած տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին, առանց պարտքի սպասարկման կարողությունների համար զգալի դժվարություններ առաջացնելու:

Չնայած ստեղծված իրավիճակի պայմաններում գործակալությունը կանխատեսում է  2022 թվականի համար ՀՀ տնտեսական աճի որոշակի դանդաղեցում՝  զեկույցն արձանագրում է 2023 թվականի համար տնտեսական աճի տեմպերի վերականգնման իր կանխատեսումները:

Գործակալությունն արձանագրում է նաև քաղաքական կայունության փաստը և հաստատում, որ 2021 թվականին վերընտրված իշխանությունն ամրացնում է իր ձեռքբերումները: Զեկույցն արձանագրում է, որ չնայած կառավարման ցուցանիշների մի մասը զիջում են համադրելի երկրների միջին ցուցանիշներին, սակայն մարդկային զարգացման և բիզնեսի վարման ցուցանիշներով Հայաստանը զգալիորեն գերազանցում է:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am