Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակ» թեմայով նամականիշը

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-
ամյակ» թեմայով նամականիշը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծն իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշը, որի վրա նաև պատկերված է «125 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, մարվեց և շրջանառության մեջ դրվեց ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Դավիթ Սահակյանն ընդգծեց, որ մեծանուն բանաստեղծի գրական ժառանգությունը նվաճել է  մեր ժողովրդի սիրտը: «Չնայած բոլոր փորձություններին՝ Չարենցը մնաց իր հայրենիքի պաշտպանության ազատամարտիկը, իր գրչով պայքարեց հանուն արդարության ու հայրենասիրության: Չարենցի թողած գրական ժառանգությունը, խորապես ազգային լինելով, նաև համամարդկային արժեք է»,-նշեց Սահակյանն ու հավելեց՝ նամականիշը գիտելիքների յուրօրինակ աղբյուր է, որը, հատելով ժամանակի և տարածության սահմանները, դառնում է մարդկանց հոգևոր և մշակութային շփման միջոց:

Արա Խզմալյանի խոսքով՝ նման յուրօրինակ ձևով անդրադարձ է կատարվում հռչակավոր մարդկանց ու իրադարձություններին և ևս մեկ անգամ հանրային կարևորություն է տրվում նրանց: «Չարենցը հայության գոյաբանական բարոմետրերից մեկն է, ամփոփում է հայության և՛ հոռետեսությունը, և՛ հայրենասիրական վերելքները, և՛ բառ ու բանը բառիս ամենաբարձր իմաստով: Կարծում եմ՝ ինչ էլ անելու լինենք, մենք դեռ Չարենցին մեր պարտքը տալու առիթներ ունենալու ենք»,-շեշտեց փոխնախարարը:

«Հայփոստ» ընկերության  գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն էլ վստահ է, որ այս նամականիշով  ավելի կհանրահռչակեն բանաստեղծի անգնահատելի ժառանգությունը:

Թողարկման օրը՝ 04 ապրիլի 2022թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 30 000 հ.

Մարման արարողությանը հաջորդեց մեծ գրողին նվիրված հոբելյանական համերգ, որին հնչեցին դասական կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ:

Դերասաններ Արթուր Ութմազյանը, Բաբկեն Չոբանյանը, Սամսոն Ստեփանյանը, Սամվել Թոփալյանն ու Մխիթար Ավետիսյանը ներկայացրին Չարենցի նամակներն ու պոեզիան: Համերգային կատարումներով հանդես եկան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ (դիրիժոր Ռուբեն Ասատրյան): Երեկոյի ռեժիսորն ու  կոմպոզիցիայի հեղինակն Արամ Սուքիասյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am