Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի եւ Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային 
Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը:

Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ դիրքորոշումն արտահայտված է նաեւ Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում:

Փոխադարձ շնորհավորանքներ են հնչել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների բազմոլորտ հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կարեւորություն:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկրների միջեւ փոխվստահության, շարունակական երկխոսության եւ համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Երկուստեք բարձրաձայնվել է Հայաստանում եւ Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանների դերի կարեւորության բարձրացումը: Օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը կողմերը համարել են պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր ուղղություններից:

Քննարկման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի առավել սերտ համագործակցության մասին: Կողմերից առաջարկներ են հնչել խորհրդարանների համագործակցության այլ ձեւաչափերի շուրջ եւս, որոնք առաջիկայում կփաստաթղթավորվեն:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին եւ 44-օրյա պատերազմի հետեւանքներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարեւոր գործոններից է:

Խորհրդարանի ղեկավարը հրատապ է համարել հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաեւ միջազգային հումանիտար կառույցների անհապաղ եւ անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:

Գործընկերները մտքեր են փոխանակել նաեւ Եվրամիությանն անդամակցության շուրջ` քննարկելով Վրաստանի եվրաինտեգրման ուղու առաջնահերթությունները:

Ընդլայնված նիստից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահը գրառում է արել Հայաստանի Ազգային ժողովի Պատվո հյուրերի գրքում, այնուհետեւ եղեւնի տնկել ԱԺ բակում:

Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախատեսվում է հանդիպում նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am