Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հինգ նոր ներկայացում, ներառյալ՝ մասշտաբային մյուզիքլ. Երաժշտական կոմեդիայի թատրոնի համար տարին հագեցած է լինելու

Հինգ նոր ներկայացում, ներառյալ՝ մասշտաբային մյուզիքլ. Երաժշտական կոմեդիայի 
թատրոնի համար տարին հագեցած է լինելու

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար տարին բավական հագեցած է լինելու: Մինչև տարեվերջ հանդիսատեսի դատին կհանձնվի 5 նոր ներկայացում:

Օրերս թատրոնում պրեմիերա էր, բեմ բարձրացավ Ֆրանսիացի գրող Շառլ Պերոյի «Կոշկավոր կատուն» սիրված հեքիաթը: Այն մասշտաբային ներկայացում է, ներգրավված է 50-ից ավելի մասնակից: Բեմադրողը հրավիրված ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, որն աշխատում է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը նշեց, որ մեծ թիմ է աշխատել, և հանդիսատեսի դատին է ներկայացվել գունեղ, վառ, ուրախ ներկայացում:

«Այս մյուզիքլը ոգևորություն առաջացրեց թե թատրոնում ստեղծագործական կազմի, թե՝ ինձ մոտ: Արդեն գաղափարներ կան, որ առաջիկայում ևս ունենանք մասշտաբային մյուզիքլներ: Հիմա դրանք քննարկման փուլում են»,-ասաց Կարո Շահբազյանը:

Մինչ մասշտաբային մյուզիքլների գաղափարները քննարկվում են, ներկա պահին թատրոնում 5 ներկայացման զուգահեռ փորձեր են ընթանում: Երկու պրեմիերա սպասվում է Երվանդ Ղազանչյանի անվան թատերասրահում՝ մայիս ամսին. մեկը Պաուլո Կուելիոյի «Վերոնիկան փորձում է մեռնել» պիեսն է, որի բեմադրիչը հրավիրված ռեժիսոր Արթուր Սարիբեկյանն է, մյուսն՝ իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլաիի «Պաշտոնյան և կինը» պիեսի հիման վրա բեմադրվող ներկայացումն է, որի բեմադրիչը Վարդգես Բարսեղյանն է:

«Մեր հիմնական սրահում արդեն ընթանում են Կորնելի Աբրամցևի «Սեանս հոգեթերապևտի մոտ» պիեսի հիման վրա պատրաստվող ներկայացման փորձերը: Բեմադրությունը հրավիրված ռեժիսոր Արմեն Սաֆարյանն է իրականացնում: Նախատեսում ենք նաև մասշտաբային ներկայացում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» ստեղծագործության հիման վրա: Ասեմ, որ այս ներկայացման երաժշտությունը գրել է մաեստրո Մարտին Վարդազարյանը: Բեմադրական աշխատանքներն իրականացնում է Հակոբ Ղազանչյանը: Զուգահեռ իրականացնում ենք Մարո Մադոյան-Ալաջաջյանի վերջին պիեսներից մեկի հիման վրա պատրաստվող ներկայացման փորձերը: Կրկին Հակոբ Ղազանչյանն է բեմադրում»,-ասաց Կարո  Շահբազյանը:

Թատրոնի տնօրենը կարևոր համարեց հրավիրված բեմադրիչների հետ աշխատանքը: Նրա խոսքով՝ դա նոր շունչ ու ձեռագիր է հաղորդում աշխատանքին և իր ուրույն ազդեցությունն է ունենում թատրոնի զարգացման վրա:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի աշխատանքում առանցքային տեղ ունեն նաև մարզային հյուրախաղերը: Կարո Շահբազյանը նշեց, որ իրենց համար շատ կարևոր է ներկայացումները մարզերում ևս հասանելի դարձնելը: Տարվա ընթացքում նախատեսում են հյուրախաղերով լինել Սյունիքում, Տավուշում և այլ մարզերում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am