«Աբովյան, իմ պարի քաղաք». Աբովյանում երրորդ անգամ կանցկացվի պարի փառատոն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք տարի շարունակ պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Աբովյան քաղաքում կազմակերպվում է «Աբովյան, իմ պարի քաղաք» պարային փառատոնը, որն իր շուրջ է հավաքում պարավեստի ներկայացուցիչնրին ու սիրահարներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2022-ին փառատոնը կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 1-ը:
«Փառատոնի շրջանակում կլինեն վարպետության դասեր, ներկայացումներ, քննարկումներ, համերգային ծրագրեր և, իհարկե, գալա համերգ։ Վստահ ենք, որ կկարողանանք աբովյանցիներին արվեստով և պարային ռիթմով հագեցած օրեր նվիրել»,-նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդգար Կարապետյանը։
Նրա խոսքով՝ փառատոնի այս տարվա մեծ ձեռքբերումներից են «Էնիգմա» և «ԻՌՄԱՆ» ներկայացումների ցուցադրությունը:
Փառատոնն իրականացվում է Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում