Արցախի նախագահն ընդունել է մի խումբ կամավորականների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին ընդունել է մի խումբ քաղաքացիների, որոնք վերջին օրերին շփման գծում առաջացած լարվածության ընթացքում կամավորական սկզբունքով ծառայության են մեկնել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, շնորհակալություն հայտնելով հայրենասիրության բարձր գիտակցության համար՝ երկրի ղեկավարն արդյունավետ է գնահատել նրանց կատարած աշխատանքը` ընդգծելով այն Պաշտպանության բանակի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումների հետ համագործակցված եղանակով իրականացնելու հանգամանքը։
Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում անգամ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերները: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին ու առաջիկա անելիքներին, ինչպես նաև պատասխանել կամավորականներին հուզող հարցերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում