Podcast-Հարց բժշկին. Շատ պարզ և հասարակ քայլերով կարելի է հասնել առողջ կյանքի. սրտաբան
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլորիս հայտնի է, որ մահացությունների ընդհանուր թվի մի մեծ տոկոս բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին, ինչը մասնագետների խոսքով՝ հնարավոր է նվազեցնել՝ վարելով առողջ ապրելակերպ, ընդունելով առողջ սննդակարգ և, իհարկե, առաջին իսկ գանգատի դեպքում այցելելով բժշկին:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային խնդիրների, դրանց առաջացման, կանխարգելման և մի շարք կարևոր գործոնների մասին զրուցել ենք «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբան Յուրի Մակարյանի հետ:
Մասնագետն ասում է՝ չնայած 21-րդ դարի բժշկությունը առաջ է գնում մեծ քայլերով, և սրտաբանությունը ամենաարագ զարգացող ճյուղերից է, բայց, ցավոք, սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը գրավում է դեռևս առաջին տեղն ամբողջ աշխարհում:
«Իրականում խորհուրդները շատ պարզ են. հասարակ քայլերով կարելի է հասնել առողջ կյանքի և առողջ սրտի: Դա իհարկե նորմալ սննդակարգն է, ֆիզիկական ակտիվությունն է՝ սպորտով զբաղվելը, վնասակար սովորություններից ձերբազատվելը և ընդհանուր առողջ ապրելակերպի խորհուրդներին հետևելը, որ բոլորս հաճախ լսում ենք և, իհարկե, որոշակի տարիքից հետո գանգատներին հետևելը և բժշկին դիմելը»,-ասաց սրտաբանը:
Նա նշեց, որ 21-րդ դարի մեծագույն խնդիրն ավելորդ քաշն է, և պետք է ինտենսիվ կերպով պայքարել ավելորդ քաշի դեմ, երբ մարդը նկատում է, որ իր մոտ սկսվում է քաշի ավելացում:
«Ինչ վերաբերվում է սննդակարգին, խորհուրդ է տրվում սնվել հստակ չափաբաժիններով, այսինքն՝ անել նախաճաշ, ճաշ, ընթրիք, խուսափել ճարպոտ սնունդի օգտագործումից: Շատ խրախուսվում է ձկնամթերքի օգտագործումը, միրգ-բանջարեղենների օգտագործումը և, իհարկե, ֆիզիկական ակտիվությունը: Իսկ քաշի ավելացմանը նպաստում են հացաբուլկեղենի, շաքար պարունակող ըմպելիքների և խոլեստերինով հարուստ սննդամթերքների չարաշահումը»,-ասաց բժիշկ Մակարյանը:
Նա հավելեց, որ բժիշկները շատ խրախուսում են սպորտով զբաղվելը, ընդ որում առավոտյան մարմնամարզությունը, այսինքն՝ կայուն դինամիկ ակտիվություն, որպեսզի ընդունած կալորիաներն այրվեն և մարդը հավելյալ քաշ չկուտակի:
Անդրադառնալով նախընտրելի սննդամթերքներին, որոնք օգտակար են սրտին, օրինակ՝ բոլորիս շատ հայտնի ծիրանին և դրա շատ օգտագործմանը, բժիշկ Մակարյանը ասաց, որ մենք ունենք հավաքական օրգանիզմ և ծիրանի, այլ մրգերի և առհասարակ մեզ հաճելի որևէ կերակրատեսակի չափազանց շատ օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքս-աղիքային տրակտի որոշակի խնդիրների: Նա նշեց, որ մրգերը և բանջարեղենը սիրտ-անոթային համակարգի համար շատ ցանկալի են, որովհետև դրական են անդրադառնում խոլեստերինային փոխանակության վրա:
«Մենք սովորաբար լայն դիետաներ ենք առաջարկում, այսինքն` ամբողջությամբ որևէ բան չենք արգելում այլ ավելի շատ չափավորում ենք և խորհուրդ ենք տալիս, որ օրինակ շաբաթվա կտրվածքով լավ կլինի, որ սննդակարգում երկու-երեք անգամ լինի ձուկ, միրգ և բանջարեղենը գերակշռի, իսկ ճաշերը պատրաստեն բուսական յուղով: Այսինքն` սրտաբանները և առհասարակ ցանկացած բժիշկ պետք է իմանա, որ բոլոր դեպքերում արգելանքը նույնպես կարող է հակառակ արդյունքի բերել: Ավելի ճիշտ է բուժառուների հետ խոսել, բացատրել և խորհուրդներով որոշ բաներ սահմանափակել, քան կտրուկ արգելել այս կամ այն սննդամթերքը»,- ասաց մասնագետը:
Սակայն, ըստ նրա միայն սննդակարգը բավարար չէ, շատ կարևոր է նաև վնասակար սովորություններից հրաժարվելը: Սրտաբանը, լինելով հակածխախոտային պայքարի շատ ակտիվ մասնակից, նշեց, որ առողջ օրգանիզմ և առողջ սիրտ-անոթային համակարգ ունենալու համար պետք է նաև ամբողջությամբ հրաժարվել ծխախոտից:
«Ծխախոտը չարիք է, և որևէ դրական ազդեցություն չունի: Եվ բացի այս թվարկվածներից կարևոր է ուշադիր լինել և ցանկացած գանգատի դեպքում ժամանակին դիմել բժշկի, որովհետև միշտ ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը: Ես կուզեմ, որ ընդհանրապես կանխարգելումը բոլոր հիվանդությունների պարագայում դառնա մեր մատածելակերպի մի մասը»,- ասաց բժիշկ Մակարյանը:
Անդրադառնալով սեզոնային սրացումներին՝ բժիշկը ընդգծեց, որ սիրտը շատ զգայուն օրգան է, և սիրտ-անոթային համակարգը արձագանքում է ընդհանրապես մեր օրգանիզմում հուզական, ֆիզիկական, ինչպես նաև կլիմայական բոլոր փոփոխություններին:
«Երկար տարիների իմ փորձից ելնելով՝ կարող եմ նշել, որ վերջին տարիներին, ցավոք սրտի, մենք գրեթե միշտ ունենում ենք բարձր դիմելիություն, հիվանդացության բարձր տոկոսներ, ինչի ֆոնին այդ թվացյալ գարնանային և աշնանային սրացումները կարծես թե չենք նկատում: Բայց կլիմայական և սեզոնային փոփոխությունները, իհարկե, անդրադառնում են բոլոր խրոնիկ հիվանդությունների դեպքում: Եվ տարբեր իրավիճակներում եղանակային փոփոխությունները, մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանային կտրուկ տատանումները ազդում են, օրինակ, զարկերակային ճնշման ցուցանիշների վրա, այսինքն՝ մենք հաճախ ունենում ենք զարկերակային բարձր ճնշումով խրոնիկ պացիենտներ, որոնց մոտ, չնայած դեղորայքի կանոնավոր ընդունմանը, գարնանը և աշնանը դիտվում է ցուցանիշների բարձրացում: Այդ ժամանակ շատ կարևոր է ունենալ սրտաբան, ով հսկում է տվյալ բուժառուին, ով հասանելի է և կապի միջոցով մշտապես կարգավորում է իրավիճակը»,- ասաց բժիշկը:
Արդյո՞ք վնասակար է այդքան քննարկումների առիթ դարձած աղը սիրտ-անոթային համակարգի համար. բժիշկը շեշտեց, որ աղի չարաշահումը վստահաբար վնասակար է օրգանիզմին՝ առավելապես սիրտ-անոթային համակարգին, բայց ամբողջությամբ բացառելը ևս վնաս է, որովհետև, ինչպես սննդակարգի դեպքում, կա նաև աղի նորմալ չափաբաժին:
Իսկ ի՞նչ ազդեցություն ունի աղի չարաշահումը, ինչ է ստենտավորումը և, որ դեպքում է անհրաժեշտություն առաջանում բուժառուին ստենտավորել, առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:
Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան
Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում