Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մի վախեցեք այն տղամարդկանցից, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում կանանց նկատմամբ. կայացավ Նարեկ Դուրյանի «Անտիկվար Լեռնիկ» ներկայացման առաջնախաղը

Մի վախեցեք այն տղամարդկանցից, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում կանանց 
նկատմամբ. կայացավ Նարեկ Դուրյանի «Անտիկվար Լեռնիկ» ներկայացման 
առաջնախաղը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կին, տղամարդ, սեր, դավաճանություն, հուսալքություն, վերածնունդ և վերադարձ դեպի ընտանիք. հենց այս հարցերին է դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանն անդրադառնում «Անտիկվար Լեռնիկ» կատակերգական ներկայացմամբ, որի պրեմիերայով արտիստը տոնեց ծննդյան օրը:

«Արմենպրես»-ի թղթակիցն ապրիլի 26-ին «Բոհեմ» թատրոնում հնարավորություն է ունեցել ներկա լինելու առաջնախաղին ընթերցողներին փոխանցելու ստացած տպավորությունները:

Ռուբեն Հախվերդյանի, Հարութ Փամբուկչյանի և այլ հեղինակների երաժշտությամբ ուղեկցվող ներկայացման մեջ Դուրյանի կերտած կերպարի՝ Լեռնիկի զուգընկերուհիներն են նրա կինը՝ Կարինեն և 25-ամյա սիրուհին՝ Նարինեն, որոնց մարմնավորել են ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետտա Ստեփանյանն ու «Բոհեմ» թատրոնի երիտասարդ դերասանուհի Սիրանուշ Երիկյանը:

Մի օր Լեռնիկի կնոջն այցելում է Նարինեն ու հայտնում, որ չի կարող ապրել առանց Լեռնիկի և պատրաստ է նրա համար վճարել 50 հազար դոլար: Հումորով հարուստ երկխոսություններից հետո կանայք ընկերանում են, հասկանում միմյանց: Լեռնիկն ապշում է, երբ այլ սիրուհու մոտից տուն գալով՝ այնտեղ հանդիպում է Նարինեին…

Ըստ Լեռնիկի կերպարի՝ մարդու, որը խոսում է բոլոր տղամարդկանց անունից, բնությունն այնպես է կարգադրել, որ տղամարդը 50 տարեկանից հետո է միայն սկսում կյանքից ինչ-որ բան հասկանալ և բոլորովին այլ կերպ է ընկալում այն, սակայն մարմինն արդեն ցանկությունների հետևից վազելու ո՛չ հնարավորություն, ո՛չ ժամանակ ունի:

Նարեկ Դուրյանը Լեռնիկի միջոցով հորդորում է կանանց չվախենալ այն տղամարդկանցից, որոնք ակնհայտ հետաքրքրություն են ցուցաբերում իգական սեռի նկատմամբ, այլ վախենալ նրանցից, ովքեր ձևացնում են, թե սուրբ են, չեն նկատում այլ կանանց. նրանք իսկապես վտանգավոր են:

«Ինձ թվում է, երբ Աստված որոշեց կին ստեղծել, մի քիչ արևի վառ ճառագայթներից վերցրեց, մի քիչ լուսնի խորությունից, աստղերի փայլ, կրակի ջերմություն, օվկիանոսի խշշոց, մագնիսական դաշտի հզոր ձգողություն, կարապի կեցվածք, մուստանգի գրավիտացիա: Նա խառնեց այդ ամենն ու ստեղծեց կնոջը, հետո նայեց ու հասկացավ, որ կինը գեղեցիկ է, գայթակղիչ է, բայց  անպաշտպան և չի դիմանա այս աշխարհում: Եվ Աստված այս ամենին խառնեց տորնադոյի կատաղի ուժ, փոթորիկ, ամպրոպ, կրետի խայթոց, աղվեսի խորամանկություն ու այդպես կնոջը հանձնեց տղամարդուն՝ ասելով. «Վերցրու և ընդունիր այնպիսին, ինչպիսին նա կա, բայց երբեք չփորձես  նրան փոխել և իշխել, մանավանդ՝ հասկանալ» »,-շեշտում է Լեռնիկը:

Դահլիճում ներկաները բուռն ծափողջույններով ընդունեցին ներկայացումը, իսկ «Բոհեմ» թատրոնի դերասանները Դուրյանին անակնկալ մատուցեցին՝ տորթով բեմ բարձրանալով: Արտիստը ոգևորված էր, հուզված և երջանիկ: Դուրյանը, բեմից «գրկելով» հանդիսատեսին, սեր խոստովանեց նրան:

Ներկայացումը դիտելուց հետո «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պետական, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ներկայացումը մեր իրականության մասին էր, շատ դիպուկ, շատ մարդկային ու հայկական:

«Նարեկ Դուրյանը գանձ է մեր հասարակության համար, մարդ, որն աշխարհը բերում է Հայաստան իր միջազգային հետագծով,  մարդ, որը նաև Հայաստանն է ներկայացնում աշխարհին: Դուրյանն այդ ամբողջ ներկապնակն է, որը նրան դարձում է մշակութային, քաղաքակրթական դեսպան: Հպարտ ենք, որ Հայաստանը նման արվեստագետ ունի, նման մշակութաբան, դերասան ու քաղաքացի: Շնորհավորում ենք Դուրյանին, երկար, երջանիկ ապագա ենք մաղթում, որովհետև նա օդ ու ջրի պես պետք է մեր երկրին, մեր երիտասարդությանն ու քաղաքակրթությանը»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Թատերասերները ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան նաև ապրիլի 28-ին և 30-ին:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am