Podcast-ՍոցUp. 44-օրյա պատերազմի մասնակիցներն աշխատանքային փորձ ձեռք կբերեն՝ դրա դիմաց գումար ստանալով
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամների ու տեղահանված արցախցիների համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային փորձի ձեռքբերման ծրագիր է մեկնարկում:
ՍոցUp թողարկման շրջանակում ծրագրին վերաբերվող մանրամասների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի հետ:
Նրա խոսքով՝ ծրագրի նպատակը աշխատանքային փորձի ձեռքբերումն է, շահառուին ավելի մրցունակ դարձնելը, որպեսզի հետագայում վերջինս կարողանա աշխատանք գտնել շուկայում: «Արցախցիների պարագայում դնում ենք ժամանակավոր զբաղվածության հարցը, քանի որ կարծում ենք, որ նրանք վաղ թե ուշ վերադառնալու են Արցախ, բայց ձեռք բերված փորձը իրենց կօգնի նաև Արցախի Հանրապետությունում: Այս ծրագրի միջոցով մարդիկ սեփական փորձով եկամուտ ձեռք կբերեն»,-հավելեց նա:
Սարգսյանը նշեց, որ շահառուն ծրագրին միանալու համար պետք է դիմի տարածքային սոցիալական ծառայության գրասենյակ:
«Ծրագրի տևողությունը երեք ամիս է, քանի որ հիմքում դրված է փորձի ձեռքբերումը, որի ընթացքում շահառուն ստանալու է 100 հազար դրամ աշխատավարձ , իսկ գործատուն՝ 34 հազար դրամ»,-ասաց նա:
Փոխնախարարն ասաց, որ գործընկեր կազմակերպությունների ցանկը գնալով ընդլայնվում է: «Ծրագրի դեպքում առկա է քանակական սահմանափակում: Արդեն իսկ կան դիմողներ»,-ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրն ընդգրկում է Երևանի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերը:
Անդրադառնալով Արցախից տեղահանվածների համար նախարարության կողմից զբաղվածության խնդիրը լուծելու ուղղությամբ տարվող ծրագրերին՝ փոխնախարարն ասաց, որ նմանատիպ ևս երկու ծրագիր է իրականացվում:
«Պատերազմի մասնակիցների համար մի քանի ծրագրեր իրականացվեցին ոչ միայն պետական , այլև մասնավոր կառույցների կողմից»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:
Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասների ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Հեղինակ՝ Անի Դանիելյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում