Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Ընդդիմադիրները հանրահավաք անցկացրին, հայտնեցին անհնազանդության ակցիաներ իրականացնելու մասին

Ընդդիմադիրները հանրահավաք անցկացրին, հայտնեցին անհնազանդության 
ակցիաներ իրականացնելու մասին
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր ուժերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք են անցկացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքին միացել էին Տիգրանաշենից, Իջևանից, Սարդարապատից, Ապարանից օրեր առաջ դեպի Երևան քայլերթ սկսած ընդդիմադիրների խմբերը:
Ավելի վաղ Ազատության հրապարակում նստացույց անող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը աջակիցներին հորդորել էր հավաքվել Ազատության հրապարակում և միասին գնալ Ֆրանսիայի հրապարակ: Վանեցյանը հայտարարել էր, որ հանրահավաքը խաղաղ ու համերաշխ է, իրենք՝ ընդդիմադիրները մասնակցելու են իրենց ընտանիքների, երեխաների, կանանց, ծնողների հետ միասին, կոչ էր արել բոլորին՝ նույնպես ընտանիքներով գնալ հանրահավաքի։
Քայլերթով հանրահավաքին միացել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա հետ էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Հանրապետականները ևս երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ: Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մասնակցելու է հանրահավաքին, բայց, թե կոնկրետ որ ժամին, չէր մասնավորեցրել:
Մինչև սա, վերջին մեկ շաբաթում ընդդիմադիրները տարբեր իրազեկման ակցիաներ, երթեր են իրականացրել հանրապետությունում: Նրանք հայտարարել էին, որ այս հանարահավաքով սկսում են պայքարի վճռական փուլը:
Հանրահավաքին մասնակցում են նաև հոգևորականներ: Մայր Աթոռից հայտնել էին, որ հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև մայիսի 1-ի հանրահավաքին՝ հնարավոր լարվածությունները մեղմելու և հանդարտության մթնոլորտի պահպանմանը նպաստելու համար: Ընդդիմադիրները ուզում են հասնել իշխանափոխության:
Հարթակից նախ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Մայիսի 1-ը մեզ համար պատմական օր է, մայիսի 1-ը հայ ժողովրդի զարթոնքի օրն է, մայիսի 1-ը մեր միասնականության, համախմբվածության, մեր մեջքն ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է»,-ասաց Սաղաթելյանը:
Այնուհետև ելույթ ունեցան Իջևանից, Ապարանից, Տիգրանաշենից, Սարդարապատից քայլերթով Երևան հասած «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը:
Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հերոսների հիշատակը:
Արթուր Վանեցյանը վստահություն հայտնեց, որ ընդդիմությունն առաջիկա օրերին հաջողություն է ունենալու, գործող իշխանությանը հորդորեց հեռանալ: Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց պայքարին: «Այս պայքարը ավարտվելու է շատ շուտ: Բայց այս պայքարը, որ սկսում ենք այսօր՝ մայիսի 1-ից, չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև մենք հասնենք մեր նպատակին»,-ասաց Վանեցյանը:
Նա վստահեցրեց, որ իրենց շարքերում չկան ընդգծված առաջնորդներ, կուսակցական դրոշներ:
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ գիշերն անցկացնելու են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ տեղադրելու են վրաններ, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 2-ին առավոտյան ժամը 08:30-ից սկսած սկսելու են մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ: Ըստ նրա՝ հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, Երևանի կենտրոնում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի: Սաղաթելյանը բուհերում դասադուլի, նաև գործադուլի կոչ արեց՝ միաժամանակ հորդորելով անկարգություններ չանել, բայց լինել վճռական:
Նա հայտնեց, որ մինչև 18:45 դադարեցնում են հանրահավաքը, տեղադրում են վրաններ Ֆրանսիայի հրապարակում ու կրկին շարունակում այն:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]