Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՏԿԵՆ-ում քննարկվել են ՀՀ ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները

ՏԿԵՆ-ում քննարկվել են ՀՀ ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և 
Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ Ժասուրբեկ Չորիևի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Միջազգային հարաբերութունների, լոգիստիկայի և արտահանման զարգացման վարչության պետ Մամանբի Օմարովը և օդային տրանսպորտի զարգացման վարչության գլխավոր մասնագետ Սատոր Սատորովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթեր իրականացնելու կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության ռազմավարական ուղղություններն ու հեռանկարները։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հետաքրքրություն հայտնել հայկական ավիաընկերությունների շուկայում ներգրավված լինելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ ուզբեկական ավիաընկերությունները ունեն ցանկություն դեպի Հայաստանի Հանրապետություն ուղիղ չվերթեր իրականացնել, սակայն ներկայում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չունեն բավարար ռեսուրսներ։

Ի պատասխան՝ հայկական կողմը ներկայացրել է տեղեկատվություն ՀՀ գործող և ստեղծվող ավիաընկերությունների մասին, պատրաստակամություն հայտնել խթանել ընկերությունների և ուզբեկական կողմի միջև կապի հաստատումը և գործընկերության ստեղծումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհները որպես տարանցիկ ուղի օգտագործելու և Ուզբեկստանը Եվրոպային կապելու հնարավորությունները։

Արմեն Սիմոնյանը, դրական գնահատելով հանդիպման արդյունքները, նշել է, որ կողմերը կշարունակեն ակտիվ համագործակցությունը և, հնարավոր է, միջկառավարական համաձայնությամբ ամրապնդեն դինամիկ զարգացող հարաբերությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am